ՀՑԹԻ-ն կհամագործակցի ԱՄՆ-ի մի շարք հայտնի հրատարակչությունների հետ
ОбществоՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կհամագործակցի ԱՄՆ -ի մի շարք հայտնի հրատարակչությունների հետ: Ինչպես տեղեկացրեց ՀՑԹԻ-ի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, Princeton University Press, McGill, Yale University Press, Harvard University Press և այլ հրատարակչություններ թանգարանին են ուղակրելու Հայոց ցեղասպանության թեմային վերաբերող իրենց նոր հրատարակությունները, իսկ հայկական կողմն այդ գրքերի գրախոսականները կներկայացնի իր անգլալեզու «International Journal of Armenian Genocide Studies» ամսագրում:
«Ամերիկյան գրքի ցուցահանդեսը կարևոր հարթակ է, որտեղ ներկայացված են կարևորագույն գրահրատարակիչները: ՀՑԹԻ-ի համար դա կարևոր մի հարթակ է ոչ միայն ներկայացնելու համար մեր վերջին տարիների հրատարակությունները, այլ նաև կապեր հաստատելու առումով», - ասաց Սուրեն Մանուկյանը:
Նյու Յորքում կայացած Ամերիկայի գրքի (Book Expo America) ցուցահանդեսին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայկական տաղավարում ներկայացրել է 13 անուն գիրք: