Գավառի և Վանաձորի մանկատների սաները մասնակցել են հունիսմեկյան միջոցառումներին
ОбществоԵրեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Օպերայի բակում կազմակերպված միջոցառումներին հունիսի 1-ին մասնակցել են Գավառի և Վանաձորի մանկատների սաները: Գունավոր կավճապատկերները, հեքիաթային հերոսները, զանազան խաղերն ու բարձր երաժշտությունը ուրախ տրամադրություն են ապահովել մանկատան սաների համար:
Ինչպես տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ամառային տոնի առթիվ մանուկներին շնորհավորելու նպատակով նույնպես այցելել է Օպերայի բակ: Շփվելով երեխաների հետ՝ նախարարը հետաքրքվել է թե կավիճներով ինչ են նկարում երեխաները. ամառային արևից կարմրած թշերով երեխաները մեկը մյուսին հերթ չտալով պատմել են նախարարին, թե ինչ են նկարել. իսկ կավճային պատկերներում երեխաների մեծ մասը տուն էր նկարե լ և արև:
«Շատ գեղեցիկ տոն է, կարծում եմ, որ Հայաստանում մեր մանուկների նկատմամբ յուրահատուկ վերաբերմունք կա և դա գալիս է մեր ընտանեկան ավանդույթներից: Այս տոնը ևս մեկ առիթ է հիշելու հատկապես այն երեխաներին, ովքեր ինչ-ինչ պատճառներով հայտնվել են ծնողական ուշադրությունից դուրս և ունեն սոցիալական հոգածության կարիք: Կարծում եմ՝ սա մեր ողջ հասարակության խնդիրն է, չնայած որ կառավարությունն անում է հնարավոր ամեն բան երեխաների համար անհոգ մանկություն ապահովելու համար: Մի բան, սակայն, ակնհայտ է. որքան էլ որ պետության կողմից լավ պայմաններ են ստեղծվում երեխաների համար՝ հնարավորինս մոտ ընտանեկանին, միանշանակ է, որ դա չի կարող փոխարինել ընտանիքի ջերմությանը և ընտանիքում երեխաների խնամքին»,-իր խոսքում նշել է նախարարը:
Միջոցառմանը ներկա են եղել նաև ՄԱԿ մանկական հիմնադրամի ներկայացուցիչները, ովքեր կարևորել են նման միջոցառումներին խնամքի հաստատությունների երեխաների մասնակցությունը և ինտեգրումը հասարակությանը:
Երեխաների իրավունքների պաշտպանության օրը վաղ առավոտից նշում են նաև Խարբերդի և Մարի Իզմիրլյան մանկատներում, որտեղ նույնպես հյուրընկալվել են հեքիաթային հերոսներ, ծաղրածուներ, մանկական երգի և պարի համույթներ: