Ծովակ համայնքի հիմնանորոգ մանկապարտեզն իր դռները բացեց մանուկների առաջ
ОбществоԳեղարքունիքի մարզի Ծովակ համայնքում Երեխաների պաշտպանության օրը նշանավորվեց հիմնանորոգված մանկապարտեզի շենքի բացման արարողությամբ: Ինչպես տեղեկացրեց Ծովակի գյուղապետ Գարիկ Հակոբյանը, մանկապարտեզի շենքի հիմնանորոգումն օրախնդիր հարց էր դարձել համայնքի բնակիչների համար:
«Շենքի անբարեկարգ վիճակի պատճառով 1997 թվականից մանկապարտեզը դադարեցրել էր գործունեությունը, իսկ գյուղի նախադպրոցական տարիքի երեխաներն ու նրանց ծնողները անհամբեր էին սպասում այս օրվան»,- նշեց համայնքի ղեկավարը: Գյուղապետի հավաստմամբ`շինարարական աշխատանքներն ընթացան 4-5 տարի. ամբողջովին հիմնանորոգվեց շենքի տանիքը եւ շինության չորս մասնաշենքերից երկուսը: Համայնքի բյուջեից ներդրվեց 30-40 միլիոն դրամ, ՀՀ ԿԳ նախարարության կրթական ծրագրերի իրականացման գործակալությունը ներդրեց 6 միլիոն դրամ, «Վորլդ Վիժն Հայաստան»-ը` 25 միլիոն դրամ, իսկ «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը մանկապարտեզն ապահովեց անհրաժեշտ գույքով:
Մանկապարտեզի շենքի բացման արարողությանը ներկա էր Ծովակի բնակչությունը` դպրոցների, բուժամբուլատորիայի, համայնքապետարանի աշխատակիցները, մանուկներ ու ծնողներ: Մանկապարտեզի սաները հանդես եկան պարային, երաժշտական կատարումներով եւ ասմունքով:»Մանկապարտեզում գործելու է երկու խումբ` 60 երեխայի համար, սակայն մասնաշենքերի ավելացման դեպքում երեխաների թիվը կարող է ավելանալ», - հավաստեց համայնքապետը: