Տասնմեկ հազարից ավելի դիմորդ հունիսի 2-ից կմասնակցի միասնական քննություններին
ОбществоՏասնմեկ հազարից ավելի դիմորդ այս տարի կմասնակցի միասնական քննությունների: «Արմենպրես» -ի թղթակցի հետ զրույցում Գնահատման և թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը տեղեկացրեց, որ քննությունների մեկնարկը կտրվի հունիսի 2-ին: Դիմորդները քննություն կհանձնեն «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» («Համաշխարհային պատմություն») առարկաներից:
«Քննությունները կանցկացվեն հանրապետության 34 քննական կենտրոններում: Ընդհանուր առմամբ՝ 11 հազար 803 դիմորդ ունենք: Նախորդ տարվա հետ համեմատած՝ տարբերությունը շատ քիչ է: Ցուցանիշը մոտ է նախորդ տարվան, բայց մոտ 400 դիմորդ պակաս է, քան նախորդ տարի»,-նշեց Իսպիրյանը:
Նա ընդգծեց, որ Արցախում 4-5 քննական կենտրոն է գործում: «Արցախի դիմորդների թիվը մոտ 800 է»,-հավելեց նա:
Դիմորդները «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից քննություն կհանձնեն հունիսի 5-ին, իսկ «Ֆիզիկա» առարկայից՝ հունիսի 9-ին: «Օտար լեզու» առարկայից քննություն կանցկացվի հունիսի 12-ին, իսկ «Մաթեմատիկա» առարկայից՝ հունիսի 16-ին: «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաների քննությունը կանցկացվի հունիսի 19-ին: «Ռուսաց լեզու» առարկայի քննությունն էլ տեղի կունենա հունիսի 23-ին: