Հունիսի 1-ին Կապանում մանուկներն ուրախ ժամանց են ունեցել
ОбществоԵրեխաների իրավունքների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումները Կապանում կշարունակվեն նաև հունիսի 2-ին:Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում Կապանի արվեստի մանկական դպրոցը կներկայացնի իր «Մկնիկ հարսնացուն» երաժշտական թատերախաղը, որն այս տարվա Գյումրու «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնում առաջին տեղ է գրավել «Երաժշտական թատրոն» անվանակարգում:
Հունիսի 1-ի միջոցառումների հիմնական վայրը քաղաքի Վ. Սարգսյանի անվան մանկական զբոսայգին էր, որտեղ Կապանի քաղաքապետարանի և մշակույթի կենտրոնի ջանքերով մի շարք միջոցառումներ էին կազմակերպվել՝ մանուկների համար օրն անմոռանալի դարձնելու համար: Նախաձեռնություններին աջակցել էր «Վորլդ Վիժն» ԲՄԿ Կապանի ՏԶԾ-ը:
Այս ամենից զատ՝ առավոտյան Կապանի երկրագիտական թանգարանում բացվեց երիտասարդ լուսանկարչուհի Էլենա Բալասանյանի «Մանկություն… հետդարձի տոմսերը մեր սրտերում են…» խորագրով ցուցահանդեսը: Մոտ 80 լուսանկարներում պատկերված են կապանցի մանուկներ. սա Էլենայի առաջին ցուցահանդեսն է, որը թանգարանում կգործի մեկ ամիս: Դրանից հետո հեղինակը լուսանկարները կնվիրի դրանցում պատկերված մանուկների ծնողներին:
Մանկական զբոսայգում ցուցադրված էին քաղաքի արվեստի դպրոցների սաների գեղանկարները, որոշ մանուկներ տեղում էլ նկարում էին, իսկ ասֆալտին կավճանկարչության մրցույթ էր. մասնակիցներից երեք հաղթողները մրցանակ-նվերներ ստացան:
Միջոցառումներին մասնակցող Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը մանրամասն ծանոթացավ «Վորլդ Վիժն»-ի աջակցությամբ Կապանի թիվ 9 եւ 10 դպրոցներում հիմնադրված ինժեներական խմբակների ցուցադրությանը, որոնք վարում էին հենց երեխաները: Այցելուները հնարավորություն ունեին տեսնել առանձին տաղավարներում ներկայացված «Աղուէս» եւ «Կրիա» ծրագրավորման գործիքները, 3D եռաչափ տպիչի եւ շաղափային հաստոցի աշխատանքները, խաղալ խմբակների աշակերտների ստեղծած խաղերը եւ հետևել նրանց հավաքած ու ծրագրավորած ռոբոտներին:< /p>
Այգու բացօթյա դահլիճում օրվա հերոսների համար «Տիկնիկ» ՀԿ–ն ներկայացրեց իր «Սասունցի Դավիթ» ներկայացումը՝ 70 տիկնիկների մասնակցությամբ եւ «Հորիզոն. ստուդիայում կատարված ձայնագրությամբ: Դրան հաջորդեց ուրախ մանկական համերգը՝ երգուպարով, երաժշտական այլ կատարումներով, որին մասնակցում էին մշակույթի կենտրոնի եւ արվեստի, երաժշտական դպրոցների սաները: Համերգի ավարտին յուրօրինակ ֆլեշմոբով օդ բարձրացավ փուչիկներից զամբյուղը՝ իր հետ տանելով երեխաների գրառած երազանքները:
Զբոսայգում ցերեկային ժամերին կարուսելներն անվճար էին, մանուկներին նաեւ պաղպաղակ, քաղցրավենիք եւ փուչիկներ բաժանվեցին:
Օրվա ընթացքում մեկ այլ խորհրդանշական իրադարձություն տեղի ունեցավ Վահանավանքի վանական համալիրում: Կապանի թիվ 6 ՆՈւՀ-ի բարեկամ Սերգեյ Ղազարյանի նախաձեռնությամբ մանկապարտեզի 40-ից ավելի երեխա քրիստոնեական մկրտություն ստացավ:
Հունիսի 1-ը եզրափակվեց Կապանի մշակույթի կենտրոնի դահլիճում «Վահան Մանուկյան» երգի ստուդիայի սաների մանկական համերգով:
Արմինե Ավագյան