Հայաստանում ջրի սակագինը կհամահարթեցվի
ОбществоՀայաստանի ջրային տնտեսության ոլորտում խոշոր բարեփոխումներ են սպասվում: 2016 թվականին նախատեսվում է ընտրել միասնական կառավարիչ ողջ համակարգի համար և համահարթեցնել սակագինը: Բարեփոխումների իրականացման համար մշակվել է ռազմավարություն, որի քննարկումները դեռևս ընթանում են:
Ռազմավարության նախնական տարբերակի ներկայացման ժամանակ ՀՀ ԳՆ ջրային տնտեսությանպետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը հայտնեց, որ նոր ռազմավարությամբ իրականացվելու է մեկ օպերատորի քաղաքականություն և գործելու է միասնական սակագին:
«Բոլորս հասկանում ենք, որ սակագնի կտրուկ փոփոխություն չի լինելու: Ընտրվելու է լավագույն տարբերակը և դիտարկվելու է, թե ինչ ժամանակահատվածում և ինչ կարգով կկարողանանք ինքնածախսածածկման սակագին ընտրել»,- ասաց նա:
Սակագնի հարցին անդրադարձավ նաև ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարԴավիթ Հարությունյանը: «Անհրաժեշտություն կա համահավասարեցնել քաղաքացիների վիճակը, որ չստացվի, թե մարզում ապրողները ավելի բարձր սակագին վճարեն, քան ասենք Երևանում: Դրանից բացի, նոր համակարգը թույլ կտա տնտեսել վարչական ռեսուրսների առումով և ավելի մեղմ սակագնային քաղաքականություն վարել»,- ասաց նա:
Բարեփոխումների այս փուլը երկրորդն է 2002 թվականից հետո, երբ ջրամատակարարման ոլորտը հանձնվեց մասնավոր կառավարիչներին: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը տեղեկացրեց, որ ներկայումս գործող 5 օպերատորի փոխարեն հաջորդ տարի ընտրվելու է մեկը, որը որոշվելու է մրցույթի արդյունքում: «Մեր նպատակն է, որ միասնական կառավարիչ լինի, որը վարձակալական պայմանագիր կստորագրի 15 տարի ժամկետով»,- ասաց նա:
Ջրային ոլորտում բարեփոխումների 2-րդ փուլը մեկնարկեց 2014 թվականին, երբ սկսվեց ռազմավարության մշակումը: ՀՀ կառավարությունն արդեն ընդունել է երկու ծրագրային որոշում և ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ, որն էլ իրականացնելու է բարեփոխումների ծրագիրը: