Էլեկտրոէներգիայի սակագները թանկացվում են Սամվել Կարապետյանի խնդրանքով
ЭкономикаՎերջին շրջանում ակտիվորեն խոսակցություններ են շրջանառվում, իբր Ռուսաստանում բնակվող հայազգի խոշոր գործարար Սամվել Կարապետյանը՝ Տաշիր Սամոն, ցանկություն է հայտնել գնելու Հայաստանի էլեկտրական ցանցերը: Ավելին, ՀՀ կառավարական շրջանակները փորձում էին տպավորություն ստեղծել, իբր իրենք են խնդրել Կարապետյանին՝ գնել ՀԵՑ-երը՝ համակարգը փրկելու մտահոգությամբ:
Սակայն Orer.am-ի աղբյուրները հետաքրքիր տեղեկություններ են հաղորդում խնդրո առարկայի վերաբերյալ: Պարզվում է՝ Կարապետյանը ամենևին էլ ցանկություն չի ունեցել գնելու ՀԵՑ-երը և ոչ էլ որևէ մեկը նման խնդրանքով դիմել է նրան. ռուսական կողմը պարզապես ստիպել է Կարապետյանին՝ գնել բաշխիչ ցանցերը՝ իր վրա վերցնելով նաև շուրջ 300 մլն դոլարի հասնող պարտքերը փակելու պարտավորությունը: Մոսկվան, չցանկանալով գռոշ անգամ ծախսել ռուսական ենթակայության ընկերությունում ֆինանսական իրավիճակը կարգավորելու ուղղությամբ, դիմել է «ռուսական սապոգի» «հին ու բարի» մեթոդին՝ ստիպելով Սամվել Կարապետյանին՝ իր վրա վերցնել այդ հոգսը:
Մեր աղբյուրը հայտնում է նաև, որ չկարողանալով հակառակվել ռուսական կողմին և ստիպված լինելով մտնել այդ բեռի տակ՝ Կարապետյանը գտել է ՀԵՑ-ի պարտքերը փակելու կարճ ճանապարհը՝ ձգտելով այդ հոգսը իր վրայից «գցել» սպառողի վրա: Նա դիմել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ խնդրելով բարձրացնել սակագները, որպեսզի այդ 300 մլն դոլարի պարտքը մարվի էլ. էներգիա սպառողների հաշվին: Վարչապետը համաձայնվել է, որից հետո ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին՝ հոսանքի սակագինը բարձրացնելու համար։ Ներկայումս սակագինը կազմում է 1 կՎտ-ի համար 41,85 դրամ ցերեկը, եւ 31,85 դրամ՝ գիշերը։ ՀԷՑ-ն առաջարկում է թանկացնել մինչեւ 58 եւ 48 դրամ համապատասխանաբար՝ այսինքն սակագինը թանկանում է ավելի քան 16 դրամով:
Մինչդեռ, մեր աղբյուրի պնդմամբ, ըստ կառավարության և Սամվել Կարապետյանի սցենարի՝ այս թիվը «կրակված» է փոխզիջման իմիտացիա ստեղծելու համար և իրականում էլ. էներգիան թանկանալու է 6-7 դրամով: