Հայ-ֆրանսիական մանկական նվագախումբը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին
КультураՀայ-ֆրանսիական մանկական նվագախումբն իր հարգանքի տուրքն է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերին՝ հանդես գալով Ֆրանսիայի քաղաքներում: Երեք տասնյակ հայ և ֆրանսիացի երաժիշտներ ներառող նորաստեղծ նվագախմբի ելույթները տեղի են ունեցել մայիսի 8-27-ը: Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանը տեղեկացրեց, որ նման նվագախումբ ստեղծելու գաղափարն առաջացել է դեռևս նախորդ տարի:
«Անցյալ տարի ամռանը Հայաստանում էին Ռոմանի կոնսերվատորիայի տնօրեն Մարի Օրտանս Լակրուան և դուդուկահար Լևոն Չատիկյանը: Երկարատև զրույցից հետո ֆրանսիական կողմը համատեղ մի բան կազմակերպելու ցանկություն հայտնեց, մենք էլ առաջարկեցինք ստեղծել հայ-ֆրանսիական նվագախումբ: Մայիսի 8-27-ը մեր դպրոցից 11 երեխա և երեք ղեկավար մեկնեցին Ֆրանսիա: Հայ-ֆրանսիական նվագախումբը հինգ համերգով հանդես եկավ Ռոմանում, Սենտ Էտյենում, Լիոնում և Վալանսում»,-նշեց Մարտուն Կոստանդյանը:
Նվագախմբի կազմում հանդես եկան 12-17 տարեկան պատանիներ: Կոստանդյանի խոսքով՝ համերգները հիասքանչ անցան, և հայ երեխաները ֆրանսիացի երաժիշտների հետ շփվելու հնարավորություն ունեցան:
«Ծրագիրն ամբողջությամբ հայկական էր՝ ընդգրկում էր Կոմիտասի, Միրզոյանի, Բաբաջանյանի, Սաթյանի, Շարաֆյանի գործերը: Մենակատարները ֆրանսիացիներ էին, հետաքրքիր էր, թե ինչպես են նրանք նվագում հայկական գործերը: Նվագախումբն էլ ղեկավարեց Մարի Օրտանս Լակրուան»,-տեղեկացրեց Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցի տնօրենը:
Նրա խոսքով՝ Ֆրանսիայում հայ երեխաները նաև մասնակցել են մշակութային տարբեր ծրագրերի, եղել են տարբեր վայրերում:
«ՀՀ մշակույթի նախարարությունը՝ ի դեմս նախարար Հասմիկ Պողոսյանի՝ հոգացել էր մեր ճանապարհածախսը: Առանց այդ աջակցության նման նախագիծ չէինք կարող իրականացնել: Ֆրանսիացիները մեծ ցանկություն հայտնեցին 2016 թվականին այցելել Հայաստան: Մենք ցանկանում ենք, որ նախագիծը շարունակական բնույթ կրի, և ֆրանսիացիներն այստեղ գան և մեր երեխաների հետ կատարեն եվրոպացի, ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ: Ամեն ինչ կարվի, որ նրանց հրավիրենք Հայաստան»,-ընդգծեց Մարտուն Կոստանդյանը:
Նրա խոսքով՝ համերգների արձագանքները շատ լավն են եղել, և ներկաներն ու կազմակերպիչները նշել են, որ Հայաստանը պրոֆեսիոնալ ձևով է հանդես եկել համերգներին:
Երաժշտական դպրոցի ուսուցիչներից Բագրատ Վարդանյանը նաև վարպետության դասընթաց է անցկացրել ֆրանսիացի պատանիների համար: Որոշվել է, որ նախագծի շրջանակում վարպետության դասընթացները պարտադիր կդառնան: