Հայաստանի կին ձեռներեցները կընդգծեն իրենց կարևորությունը տնտեսության մեջ
ОбществоՀայաստանի տնտեսության մեջ կին ձեռներեցների կարևորությունն ընդգծելու համար նախատեսվել է մեկ շաբաթ: Այդ ընթացքում բազմակողմանիորեն կներկայացվեն այն հարցերն ու խնդիրները, ձեռքբերումներն ու հաջողությունները, որ կապված են Հայաստանի կին ձեռներեցների հետ:
Կանանց ձեռներեցության միջազգային շաբաթը կազմակերպել է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան, որն այս տարվանից հանդիսանում է Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի անդամ և հնարավորություն է ստացել միջազգային հարթության վրա ներկայացնել հայ գործարար կանանց:
«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում կազմակերպված հանդիպման ժամանակ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը պատմեց այն միջոցառումների և նախաձեռնությունների մասին, որ իրականացվելու են հունիսի 8-11-ը:
«Հայաստանում առաջին անգամ է իրականացվում ձեռներեցության շաբաթ, և մենք խնդիր ենք դրել այդ ժամանակը հնարավորինս արդյունավետ օգտագորելու և կին ձեռներեցների խնդիրների վրա ուշադրություն հրավիրելու համար: Մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանը կանցկացնի միջազգային համաժողով և խոշորածավալ էքսպո` կին արտադրողների մասնակցությամբ: Դրան զուգահեռ կանցկացվեն նաև բիզնես հանդիպումներ, այցելություններ փոքր արտադրամասեր, ինչպես նաև մշակութային իրադարձություններ»,- ասաց Լիլիթ Ասատրյանը:
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ՀՀ կին ձեռներեցների ցանցի ղեկավարը վստահ է, որ կանայք մեծ դեր ունեն երկրի տնտեսության զարգացման գործում, հետևաբար կարևոր է նրանց ձայնը ղեկավար մարմիններին հասցնելը:
«Բոլոր հարցերի ու խնդիրների քննարկումը նախատեսված է համաժողովի ժամանակ, որին ներկա են գտնվելու նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, երկրի բարձրաստիճան պաշտոնյաներ և գերատեսչությունների ղեկավարներ: Նրանց կողքին կլինեն նաև միջազգային կազմակերպությւնների հայաստանյան ներկայացուցիչները: Կարծում եմ` դա լավ հարթակ կլինի կին գործարարների խնդիրներին անդրադառնալու և զարգացման հնարավորությունները քննարկելու համար»,- ասաց նա:
Լիլիթ Ասատրյանը հայտնեց, որ Հայաստան են հրավիրել կին գործարարների աշխարհի տարբեր երկրներից և հույս ունեն, որ նրանց փորձը օգտակար կլինի Հայաստանի կին ձեռներեցների համար: Ձեռներեցության շաբաթվա ավարտին անցկացվելու է նաև «Կին ձեռներեց դեսպանի» մրցանակաբաշխությունը, որի նպատակն է վեր հանել Հայաստանում կանանց գործարարության լավագույն փորձը և խրախուսել կին ձեռներեցներին: