Լոռիում Երեխաների պաշտպանության օրը վերածվել է մեծ տոնի
ОбществоՀայաստանի մանուկներ հիմնադրամի կողմից Լոռու մարզի Թումանյան քաղաքում կազմակերպած տոնախմբությանը, որ կրել է «Բարև՛, մանկություն» խորագիրը, մասնակցել են Թումանյանի, Վանաձորի, Դսեղի, Մարցի, Քարինջի, Դեբետի և Ձորագյուղի երեխաները: Ինչպես տեղեկացրին Հայաստանի մանուկներ հիմնադրամից, օրը բազմազան է եղել, տրամադրությունը՝ տոնական. հիմնադրամի խմբակների մանկական ձեռագործ աշխատանք ների ցուցադրություն, 5000 տարվա պատմություն ունեցող ազգային տարազների տաղավար, աճպարարներ, ծաղրածուներ, օճառե ծիածանագույն պղպջակներ, երգ ու պար, ասմունք ու շախմատ:
«Մեզ այսօր այստեղ հավաքեց մանկության տոնը: Մեզ համար շատ կարևոր էր, որ հնարավորինս շատ երեխաներ գային Լոռու մարզից, ուրախանային և միևնույն ժամանակ տեսնեին՝ իրենց կողքին իրենց նման շատ երեխաներ կան՝ նույնքան տաղանդավոր, խելացի և պայծառ: Սա մեզ նաև նոր վտահություն ներշնչեց, որ ոչ միայն երեխաներն են ուզում ներգրավվել, այլև համայնքների ներկայացուցիչներն են պատրաստակամ իրենց փոքրիկներին հնարավորություն տալ նոր միջավայրում հայտնվելու»,- նշել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի տնօրեն Անուշ Եդիգարյանը:
Միջոցառումն առանձնահատուկ է եղել շախմատի բլից մրցաշարով, որն անցկացրել է տոնակատարության հատուկ հյուրը՝ օլիմպիական չեմպիոն, գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը: Ու թեև չեմպիոնն անվերջ նշաձողեր է սահմանել երեխաների համար, այնուամենայնիվ, նրանցից մի քանիսի խաղը ոգևորել է գրոսմայստերին: «Հուսամ, որ այսօրվա երեխաների միջից դուրս կգան ապագա չեմպիոններ. ամեն դեպքում՝ նախադրյալներ կան, ու բավականին հետաքրքիր երեխաներ կային: Հույս ունեմ, որ չեմպիոնների հաջորդ սերունդը հենց այս երեխաների միջից է լինելու: Շա՛տ պարապեք, մի՛ ընկճվեք և հավատացեք վաղվա օրվան»,- ոգևորել է Տիգրան Պետրոսյանը:
Նա լավագույն մասնակիցներին է հանձնել իր մակագրությամբ գրքեր, որոնք մանուկներին է նվիրել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: Գրքույկներ են ստացել նաև հանդիսության ամենաակտիվ մանուկները:
Երեխաների ոգևորությունն ու տրամադրությունը վարակիչ են եղել և ներշնչել են նման տոնակատարությունը դարձնելու ավանդական. «Շատ շնորհակալություն ենք հայտնում բոլոր կազմակերպիչներին և խնդրում, որ նման միջոցառումները շարունակական բնույթ կրեն»,- ասել է Մարգարիտա Շահվերդյանը: Իսկ մի խումբ թումանյանցիներ հատուկ երախտագիտություն են հայտնել երաժշտական համույթներին, որոնք իրենց ելույթներով հիացրել են քաղաքին:
Տոնական ծրագիրը եզրափակվել է Հայաստանի և Լոռու մարզի ամենահայտնի ռոք խմբերից մեկի՝ «Որդան կարմիր»-ի համերգային ծրագրով. ազգային, հայրենասիրական երգերի ռոքային կատարումները նոր ոգևորություն են բերել բոլոր մասնակիցներին: «Անհնար էր այս հրավերը չընդունել և չնվագել երեխաների տոնի կապակցությամբ: Հաճույքով ենք եկել: Ուզում ենք մենք էլ մեր ներդրումն ունենալ այս երեխաներին, այս երիտասարդությանն ուրախացնելու գործում»,- ասել է «Որդան կարմիր» ռոք խմբի մենակատար Վահան Պողոսյանը: Իսկ Հայաստանի մանուկներ հիմն ադրամի կողմից բոլոր երեխաներին մատուցվող տոնը շարունակվելու է նաև հունիսի 3-ին՝ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում՝ արդեն Արմավիրի և Արագածոտնի երեխաների մասնակցությամբ:
Հայաստանի մանուկներ հիմնադրամն աշխատում է Արմավիրում, Արագածոտնում, հիմա արդեն նաև Լոռու մարզի մի շարք համայնքներում ևս և միտում ունի մեծացնելու այդ համայնքների քանակը: