Սիրիահայերը ՀՀ արտգործնախարարի այցը Սիրիա «համայնքը սնուցող վիտամին» են համարել
ОбществоՀայաստանի կառավարությունն ուշադիր հետևում է Սիրիայում տիրող զարգացումներին և փորձում լուծումներ գտնել սիրիահայերի անվտանգության ապահովման համար:
Հունիսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը նման դիրքորոշում հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանըˋ անդրադառնալով Սիրիա կատարած այցելությանը, որի նպատակն էր ծանոթանալ Սիրիայում ընթացող զարգացումներին:
«Սիրիայում ճգնաժամի առաջին օրերից մեր ուշադրության կենտրոնում էր սիրիահայության անվտանգության ապահովման հարցը: Մենք կարծում ենք, որ ճգնաժամը հնարավոր կլինի լուծել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և Սիրիայի բոլոր քաղաքական ուժերի միջև երկխոսության հաստատման միջոցով»,-ընդգծեց նախարարը:
Այցի ընթացքում նախարարը հանդիպել է հայ համայնքի և հայկական կառույցների ղեկավարների հետ, որոնց ընթացքում կառույցներից մեկի ղեկավարն ասել է, թե հանդիպումն իրենց համար «վիտամին» է:
«Հայաստանում հազարավոր սիրիահայեր են գտնվում, և ՀՀ կառավարությունը արել և շարունակում է անել հնարավորը՝ աջակցելու մեր սիրիահայ եղբայրներին: Շատ կարևոր էր հանդիպել հայ համայնքի և կառույցների ղեկավարների հետ, մեր համերաշխությունն ու աջակցությունը հայտնել նրանցˋ նշելով, որ Հայաստանն իրենց թիկունքում է կանգնած»,- ասաց Նալբանդյանը: