ՀՀ ազգային փոքրամասնությունները ՄԱԿ-ից պահանջում են ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը
ОбществоՀայաստանի ազգային փոքրամասնությունները կոչ են հղում ՄԱԿ-ի անդամ պետությունների դեսպաններին բարձրաձայնել և դատապարտել 100 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում իրականացված ցեղասպանությունները: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին հայտարարեցին ՀՀ ազգային փոքրամասնությունների համայնքների ներկայացուցիչները:
Նրանք պահանջեցին ՄԱԿ-ի անդամ-պետությունների ղեկավարներին խստորեն դատապարտել հայերի, ասորիների և հույների դեմ իրականացված ցեղասպանության ժխտողական քաղաքականությունը, արդարություն հաստատել և Թուրքիային հորդորել վերահաստատել իր տարածքում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքները:
Ուղերձը, որ ստորագրել են 20-ից ավելի ազգային մշակութային կազմակերպություններ` 11 համայնքներից, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ կփոխանցվի հունիսի 4-ին: «Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունները չէին կարող անմասն մնալ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի արարողություններից, որովհետև 11 ազգային փոքրամասնություններն այստեղ հայտնվել են ցեղասպանության հետևանքով: Ուղերձը ևս մեկ կոչ է, որ ավելի լավ է կանխել պատերազմները, որի հետևանքով նաև ցեղասպանություններ են տեղի ունենում»,- ասաց Ասորական համայնքի ներկայացուցիչ, ՀՀ վաստակավոր արտիստՌազմիկ Խոսրոևը:
«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի «Հիշում եմ և պահանջում» կագախոսը վերաբերում է ցեղասպանությունը վերապրած բոլոր ազգերին և այն ազգերին, որոնք թեև չեն վերապրել այդ սարսափը, սակայն գիտակցում են, թե դա ինչ է: Մենք կանք, քանի դեռ հիշում ենք տեղի ունեցածը, հիշում ենք մեր զոհերին»,- հավելեց հրեական համայնքի «Մագեն Դավիդ» թերթի խմբագիր Ադելինա Լիվշիցը:
«Իլիոս» հունական կազմակերպության նախագահ Սլավա Ռաֆայելիդիսն իր հերթին հունական համայնքի անունից շնորհակալության հայտնեց ՀՀ իշխանություններին մարտի 24-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից հույների և ասորիների ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը:
Իսկ Ասորիների միության նախագահ Արսեն Միխայիլովի կարծիքով` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ցույց տվեց, թե որքան մեծ արդյունքների է հնարավոր հասնել միասնական պայքարով: «Աշխարհի տարբեր խորհրդարաններում քննարկվում է Հայոց ցեղասպանության հարցը, դրա հետ նաև հույների, ասորիների և եզդիների ցեղասպանությունները: Եթե այսօրվա նման մենք միասնական պայքարեինք տարբեր երկրներում 100 տարիների ընթացքում, մենք կունենային մեկ այլ իրողություն»,-ասացՄիխայիլովը:
Ուղերձում նշվում է, որ ժխտողականության հանդուրժման և աշխարհաքաղաքական նպատակահարմարությունների հետևանքով է, որ խրախուսվում և տարիներ անց կրկնվում են մարդկության դեմ իրականացվող նորանոր հանցագործությունները: Իսկ Թուրքիայի Հանրապետությունում շարունակվում են պարբերաբար խախտվել մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Մերօրյա Թուրքիայի քաղաքական ղեկավարներին հնարավորություն տալով սանձարձակ կերպով շարունակել իրենց նախնիների որդեգրած քաղաքականությունը` աստիճանաբար վերացնելով մեկ դար առաջ երկրում ապրող հոծ ազգային փոքրամասնությունների հոգևոր, մշակութային և նյութական արժեքների հետքերը: