Գագիկ Խաչատրյանը բյուջետային մուտքերի բավարարումը պայմանավորում է ստվերի դեմ արդյունավետ պայքարով
ОбществоՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը 2015թ. առաջին եռամսյակում արտահանման և ներմուծման նվազման պայմաններում պետական բյուջետային մուտքերի բավարարումը պայմանավորում է ստվերի դեմ արդյունավետ պայքարով: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Գագիկ Խաչատրյանը վստահեցրեց, որ բիզնեսի վրա հարկային ճնշումներ չեն գործադրվել, իսկ բյուջետային մուտքերն ապահովվել են ստվերի դեմ արդյունավետ պայքարի արդյունքում:
«Մենք արտահանման և ներմուծման նվազման պայմաններում կարողացել ենք ապահովել բյուջետային մուտքերը ստվերի դեմ պայքարի արդյունքում: Հիմա սա վա՞տ է, թե՞ լավ: Իհարկե ես հասկանում եմ ձեր մտահոգությունը: Դուք մտածում եք, որ մենք սա արել ենք բիզնեսին տեռորի ենթարկելու հաշվին, սակայն այդպես չէ: Ես ձեզ խնդրում եմ, տվեք մի գործարարի անուն, ում նկատմամբ մենք անօրինական ճնշումներ ենք գործադրել: Եթե դուք գաք և մասնակցեք մեր գանգատարկման հանձնաժողովի նիստերին, կտեսնեք, որ մենք երբեք գերավճարներ բիզնեսից չենք պահանջում»,-նշեց նախարարը:
Նրա խոսքով` ստվերի դեմ արդյունավետ պայքար է մղվել բոլոր ոլորտներում. հաջողություններն արձանագրվել են հատկապես պիտակավորման, բջջային օպերատորների, հանքահումքային ոլորտներում:
2015թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա հետ համեմատ նվազել են ներմուծման և արտահանման ծավալները: Արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 23 տոկոսով, ներմուծումը՝ 31 տոկոսով: