Թուրքիայի մարդու իրավունքների կազմակերպությունն «Արմեն ճամբարը» վերադարձնելու համար կդիմի Եվրախորհուրդ
ОбществоԹուրքիայի Մարդու իրավունքների կազմակերպությունը Ստամբուլի հայկական «Արմեն ճամբար» անունով հայտնի որբանոցը հայ համայնքին վերադարձնելու համար կդիմի Եվրոպայի խորհուրդ: Թեպետ ավելի վաղ հայտարարվել էր, որ հայկական որբանոցը վերադարձվում է հայերին, սակայն այս ուղղությամբ որևէ հստակ քայլ մինչ օրս չի ձեռնարկվել, ինչը դրդել է մարդու իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպությանը բարձրացնել «Արմեն ճամբարը» հայ համայնքին վերադար ձնելու հարցը: Ինչպես հաղորդում է թուրքական Demokrathaber.net-ը, այս մասին հայկական որբանոցը վերադարձնելու համար դիմադրություն կազմակերպած «Նոր Զարթոնք» նախաձեռնության հիրավիրած հանդիպմանը հայտնել է Մարդու իրավունքների կազմակերպության Ստամբուլի մասնաճյուղի Խտրականության և ռասայականության դեմ պայքարի կոմիտեի ներկայացուցիչ Մերալ Չըլդըրը:
«Մենք ողջունում ենք «Արմեն ճամբարի» դիմադրությունը կազմակերպված «Նոր Զարթոնք»-ին, այդ դիմադրությանը ոգի տվող Թուրքիայի հայկական համայնքին, նրանց աջակցող, այցելող, պայքարն ավելի մեծացնող ցանկացած մարդու: Մարդու իրավունքների կազմակերպության պատմության մեջ «Արմեն ճամբարը» հատուկ տեղ ունի: Հրանտ Դինքը 1996-ին մեզ պարգևատրեց, դռները մեր առաջ բաց արեց, որբանոցի պատմությունը մանրամասնությամբ պատմեց: Նրա տված լուսանկարներով և պատմությամբ պատրաստած նյութերով այդ տարի «Թուզլայի հայկական մանկական ճամբարը. մի բռնագրավման պատմություն» խորագրով ցուցահանդես բացեցինք, որը տարանք մինչև Անկարա: Սակայն մեկ շաբաթ նախատեսված ցուցադրությունը ժամանակից առաջ ստիպված փակվեց»,- պատմել է Չըլդըրը` նշելով, որ անհայտ անձինք եկել և բռնագրավել էին ցուցադրության համար նախատեսված բոլոր նյութերը` խափանելով այն:
«Նոր Զարթոնք»-ի հրավիրած հավաքին նշվել է, որ թեպետ հայտարարվել էր, որ «Արմեն ճամբարը» վերադարձվել է հայերին, սակայն դա իրականությանը չի համապատասխանում, քանի որ այդ ուղղությամբ որևէ հստակ քայլ մինչ օրս չի արվել: «Այստեղից հայտարարում ենք, որ մեր պատրաստած փաստաթղթերով դիմելու ենք Եվրոպայի խորհրդին, Թուրքիայի Հանրապետության դեմ պաշտոնապես բողոք ենք ներկայացնելու»,- հայտնել է Մերալ Չըլդըրը:
Գեդիքփաշայի հայկական որբանոցին կից «Արմեն ճամբար» ամառային որբանոցը կառուցվել է հայորբերի աշխատանքով: Ճամբարում բնակվող երեխաները մասնակցել են շինարարական աշխատանքներին: Նրանք ավազ են կրել ծովից, որով էլ կառուցվել է այն: «Արմեն ճամբար» որբանոցը թուրքական պետության որոշումով փակվել է 1983 թվականին: Իշխանությունները երբեք թույլ չեն տվել որբանոցի վերանորոգում, ինչի պատճառով այն գտնվում է անմխիթար վիճակում: Թուրքիայում 2011թվականին օրենք է ընդունվել ազգային փոքրամասնություններին պատկանող հիմնադրամների` 79տարի բռնագրավված անշարժ գույքը վերադաձնելու մասին, սակայն, Գեդիքփաշայի հայկական որբանոցին կից այդ ամառային ճամբար-մանկատունը չի ընդգրկվել օրենքով վերադարձման ենթակագույքի ցուցակում: 5.552 հազար քմ տարածք ունեցող որբանոցը 1961 թվականին գնել է Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամը: Մանկատան հողատարածքի սեփականատեր Սեիթ Դուրմազի երեխաներից մեկը հետագայում հաջողացրել է որբանոցից 600 քմ տարածք գնել: 1974 թվականին այդ տարածքը գնած կապալառուի կողմից բացված դատական գործընթացի արդյունքում նա կարողացել է զարտուղի ճանապարհով ճամբարի տարածքը կցել իր կողմից գնված 600 քմ -ին: 1977 թվականին փոքրամասնությունների հիմնադրամների մասին ընդունված նոր օրենքով հայ որբերի ճամբարը բռնագրավվել է:
Ստամբուլում մայիսի 6-ին բուլդոզերները և հատուկ մեքենաները սկսել են քանդել հայ որբերի «Արմեն ճամբար» ամառային որբանոցը: Դրա դեմն առնելու նպատակով Թուրքիայում գործունեություն ծավալող մի շարք կազմակերպություններ և պարզապես անհատներ շտապել են այնտեղ` կասեցնելու որբանոցի շենքի կործանումը: Ներկայում որբանոցի շենքի քանդումը մասամբ դադարեցված է: Շինության վրա տարբեր պաստառներ են փակցված և գրություններ են արված: «Արմեն ճամբար»-ի տարածքում շուրջ 30 օր է մարդկային դիմադրություն կա: