«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանի ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ունեցած ելույթը բավականին կոշտ էր
Международные новостиԱյն, որ Արեւմուտք-Ռուսաստան հակադրության աննախադեպ սրման ֆոնին նոր վտանգներ էին առաջանալու Ղարաբաղի համար' սպասելի էր արդեն անցած օգոստոսից, երբ սահմանային լարվածությունը փորձագետների մի մասը կապում էր բացառապես Ռուսաստանի հետ, մյուս մասն էլ պնդում, թե դրանում խառն է ԱՄՆ-ի մատը: Երկու դեպքում էլ, սակայն, կասկածի տակ չէր դրվում, որ այդ լարվածության հրահրման հանձնարարությունը Ալիեւին տրվել էր դրսից: Դատելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի' Բաքվում արած վերջին հայտարարություններից եւ Ղարաբաղի հարցը ՆԱՏՕ-ի գագաթաժողովի օրակարգում ընդգրկելու քայլից' առաջիկայում հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն հրահրողների շրջանակն ընդլայնվելու է: Ս. Սարգսյանի' երեկ ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ունեցած ելույթը, որտեղ նա բավականին կոշտ եւ հստակ ձեւով ՆԱՏՕ-ին հորդորեց ձեռնպահ մնալ թուրքա-ադրբեջանական լոբբինգի ազդեցությունից եւ չընդունել այնպիսի փաստաթուղթ, որը կհակասի ԵԱՀԿ ՄԽ բառապաշարին' ցույց է տալիս, որ իրավիճակը լուրջ է: «Երկու տարբերակ կա. կամ կընդունվի ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միակ մասնագիտացված միջազգային կառույցի' ԵԱՀԿ ՄԽ բառապաշարը…, կամ կրկին կանցնի սեփական ժողովրդի աչքում մեր հարեւան բռնապետի դեմքը փրկել ցանկացող մեկ այլ անդամ երկրի լոբբինգը, որը, հավատացնում եմ ձեզ, որեւէ լավ տեղ չի տանում»,- զգուշացրեց Սարգսյանը, որի' Ուելս մեկնելը, թերեւս, պայմանավորված էր հենց ընդունվելիք փաստաթղթի հակահայկականությամբ: Նկատենք, որ 2008թ-ից ի վեր' սա ՆԱՏՕ-ի առաջին գագաթաժողովն է, որին Հայաստանը ներկայանում է նախագահի մակարդակով: Մինչ այս եղած 2009-ի, 2010-ի եւ 2012-ի գագաթաժողովներին Հայաստանից մասնակցել են ԱԳ նախարար Է. Նալբանդյանը եւ ՊՆ նախարար Ս. Օհանյանը: Ընդ որում, նկատենք, որ այն ժամանակ նախ' Հայաստանը վարում էր եվրոպամետ արտաքին քաղաքական կուրս, եւ երկրորդ' Արեւմուտք-Ռուսաստան ներկայիս հակադրությունը չկար:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: