Արամ Խաչատրյանի կամերային գործերը մեկտեղվել են երկու ձայնասկավառակում
КультураԱշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի կամերային ստեղծագործություններն ամփոփվել են «Aram Khachaturian. Chamber works» («Արամ Խաչատրյան. կամերային ստեղծագործություններ») ձայնասկավառակների հավաքածուում: Երկու սկավառակ ներառող հավաքածուն հանրության դատին հանձնվեց Խաչատրյանի ծննդյան տարեդարձի նախօրեին՝ կոմպոզիտորի տուն-թանգարանում անցկացված շնորհանդեսի ընթացքում: Ձայնասկավառակները թողարկվել են Ucom ընկերության «Recognize1915» նախագծի շրջանակներում:
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, Խաչատրյանի անվան տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց Ucom ընկերությանն աջակցության համար:
«Այս գաղափարը երկար տարիներ մեզ հետ էր: Երկար տարիներ ցանկություն ունեինք ներկայացնել Խաչատրյանի կամերային ստեղծագործությունները: Արամ Խաչատրյանին հիմնականում ճանաչում են որպես խոշոր կտավների հանճարեղ կոմպոզիտոր, սակայն նրան շատ ավելի քիչ են ծանոթ են որպես կամերային ստեղծագործությունների հեղինակի: Իսկ դա բավականին մեծ ժառանգություն է, որը պակաս կարևոր չէ»,- նշեց Արմինե Գրիգորյանը:
Ucom ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանն ընդգծեց, որ ընկերությունը երկրորդ տարին է՝ նախաձեռնել է «Recognize 1915» ծրագիրը:
«Այդ ծրագրի շրջանակում մենք ձեռնարկել ենք մի շարք միջոցառումներ: Շատ կարևոր է Արամ Խաչատրյանի կամերային գործերի կրկնասկավառակի շնորհանդեսը: Այս նախաձեռնությունը մենք հանձն առանք, երբ մեզ դիմեց Արամ Խաչատրյանի անվան տրիոն. միանգամից որոշեցինք աջակցել: Այստեղ հավաքված են այն գործերը, որոնք նախկինում կամ ձայնագրված չեն եղել, կամ քիչ հայտնի են երաժշտասեր հանրությանը: Բոլոր գործերը հիասքանչ են»,- շեշտեց նա:
Ucom ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավարի խոսքով՝ ընկերությունը մշտապես հայկական մշակույթի կողքին է: Նա հավելեց, որ ձայնասկավառակները չեն վաճառվելու, և դրանք հնարավոր կլինի ներբեռնել նաև «Recognize 1915» ծրագրի կայքում: Այս պահին թողարկվել է ձայնասկավառակի 1500 օրինակ:
Ձայնասկավառակներում ներառված ստեղծագործությունները կատարել են դաշնակահարուհիներ Արմինե Գրիգորյանը և Սոնա Բարսեղյանը, ջութակահար Արմինե Գրիգորյանը, թավջութակահար Կարեն Քոչարյանը, ալտահար Մաքսիմ Նովիկովը: Ձայնագրություններն իրականացվել են Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում և Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Շնորհանդեսի ընթացքում հնչեցին նաև գեղարվեստական համարներ: