Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնակատարն անդրադարձել է նախորդ տարի տեղի ունեցած «վիրտուալ միջադեպին»
ОбществоՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի ֆեյսբուքյան էջը նախորդ տարի երեք անգամ կողմնակի միջամտության է ենթարկվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունիսի 6-ին հայտարարեց Թոքմաջյանը` անդրադառնալով նախորդ տարի տեղի ունեցած «վիրուալ սեքս-միջադեպին»:
«Առաջին կողմնակի մուտքը եղել է 2014 թվականի օգոստոսի 30-ի կեսօրին՝ «Սոլո» սրճարանից: Հավանաբար, վարկաբեկիչ նյութ են փնտրել և չեն գտել, հետո որոշել են, որ պետք է տեքստ սարքեն, և այդ տեքստը պատրաստվել է սեպտեմբերի 5-ին ժամը 1:09-1:32, «Տրիումֆ» սրճարանում: Երրորդ չթույլատրված մուտքն իմ ֆեսյբուքյան էջ եղել է 2014 թվականի սեպտեմբերի 5-ին, ժամը 15-ին»,- նշեց Հովհաննես Թոքմաջյանը:
Նրա խոսքով՝ տվյալ սրճարաններում տեսախցիկներ չեն եղել, բայց փաստերն արձանագրվել են վճարովի կայանատեղիների տեսախցիկներով:
«Դուք կտեսնեք այն, ինչ ես եմ տեսնում, մնացածը կանի քննությունը: Այս բոլորն իրական նյութեր են՝ փորձաքննություն անցած»,- նշեց նա՝ ներկայացնելով տեսանյութը:
Ներկաների խոսքով՝ տեսանյութում հայտնվում են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկի) տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոյեցյանը, նրա տեղակալ Վահե Կիրակոսյանը, ինչպես նաև Պոլիտեխնիկի արդեն նախկին պրոռեկտոր, այժմ ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր Աշոտ Խաչատրյանը:
«Ես գործով տուժող եմ, գիտեմ, որ Աստծո առաջ մաքուր եմ»,- հավելեց ռեկտորի պաշտոնակատարը:
Նախորդ տարի Թոքմաջյանի ֆեյսբուքյան էջում հայտնվել էր նրա և աշխատակիցներից մեկի միջև ինտիմ խոսակցությունը, որը, ռեկտորի պաշտոնակատարի խոսքով, տեղադրվել էր այլ անձանց կողմից: Միջադեպը կրքերի բորբոքման առիթ էր դարձել: