ՀՔԾ-ն ավարտել է ավագ մաքսային տեսուչի պաշտոնեական կեղծիքի փաստով քրեական գործի նախաքննությունը
ОбществоՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով հիմնավորվել է, որ ՀՀ ֆինանսների նախարարության ավագ մաքսային տեսուչ Սուրիկ Շահբազյանը խախտել է ՀՀ մաքսային օրենսգրքի պահանջները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի բաժնից, իր լիազորություններն իրականացնելիս՝ Սուրիկ Շահբազյանը մաքսային հսկողության ներքո գտնվող տրանսպորտային միջոցը առանց մաքսային մարմնի թույլտվության այլ անձի հ անձնելու հանգամանքը հայտնաբերելուց հետո, մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի վարույթ չի սկսել: Նա խախտել է ՀՀ մաքսային օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի պահանջները:
Իր կողմից օրենքի վերը նշված դրույթը շուրջ 2 ամիս չկատարելու հանգամանքը թաքցնելու անձնական դրդումներով, 2014թ. հուլիսի 7-ին, Ս. Շահբազյանը իր կողմից թույլ տրված իրավախախտումը` ավտոմեքենան 2014թ. մայիսի ընթացքում առանց համապատասխան փաստաթուղթ կազմելու մաքսատուն տեղափոխելու փաստը թաքցնելու նպատակով, կազմել և մաքսատան գրասենյակ է հանձնել կեղծ փաստաթուղթ հանդիսացող` իր վերադասին հասցեագրված զեկուցագիր, թե, իբր, մաքսային հսկողության ներքո գտնվող ավտոմեքենան հայտնաբերել և մաքսատան պահպանվող տարածք է ներկայացրել 2014 թվականի հուլիսի 6-ին:
Սուրիկ Շահբազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ֆինանսների նախարարության ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան ձևակերպումների բաժնի ավագ մաքսային տեսուչ Սուրիկ Շահբազյանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը և հիշյալ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: