Ցանկացած տեսչական ստուգում այսուհետ կիրականացվի բացառապես ստուգաթերթերով
ИнтервьюԱյսօր` հունիսի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տեսչական բարեփոխումների աշխատանքային խմբի ղեկավար Հայկ Այվազյանը ներկայացրեց վերահսկողության ոլորտում իրականացված բարեփոխումները:
Խոսելով միջազգային փորձի ուսումնասիրման եւ վերահսկողության ոլորտում դրական արդյունք գրանցած ծրագրերի եւ դրանք Հայաստանում կյանքի կոչելու վերաբերյալ՝ Հ. Այվազյանը նշեց, որ առաջիկայում իրականացվող անելիքներն ու դրանց հետ կապված սպասումները մեծ են.
«Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում Տեսչական համակարգը խնդիրներ ունի, այն էլ բավական լուրջ, որոնց լուծումները հրատապություն են պահանջում: Առաջացած խմդիրները կարելի է բաժանել երեք մասի` 1. խնդիրներ քաղաքացիների համար` անվտանգության ոչ բավարար ու ցածր մակարդակ, 2. խնդիրներ բիզնեսի համար, գիտենք, որ ցանկացած ստուգում այս կամ այն չափով որոշակի ճնշում է ենթադրում եւ 3. խնդիր պետության համար, որտեղ պահանջվում էին տեսչական համակարգի վերջնական ու ճշգրիտ ստուգումներ:
Հաշվի առնելով կարեւորագույն այս կետերը՝ 2009 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվեց հայեցակարգ, որի շնորհիվ ֆիքսվեցին առկա խնդիրները եւ գծվեցին այն ճանապարհները, որոնց միջոցով պետք է իրականացվեին բարեփոխումները»:
Տեսչական բարեփոխումների աշխատանքային խմբի ղեկավարը, որպես կարեւոր ձեռքբերում, ընդգծեց ստուգաթերթիկով աշխատելու նոր գործելաոճը.
«Ցանկացած տեսչական ստուգում այսուհետ կիրականացվի բացառապես ստուգաթերթերով: Այն պարտադիր պահանջ է եւ իրենից ներկայացնում է հարցաշար: Ստուգաթերթի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ վերահսկող մարմնի ներկայացուցիչները չեն կարող իրականացնել ստուգում այն բանի նկատմամբ, որը նշված չէ ստուգաթերթում: Ստուգաթերթիկի կարեւորություններից մեկն է թափանցիկ աշխատանքն ու դրա արդյունավետությունը»:
Ըստ մասնագետի` կատարված բարեփոխումների նպատակը հստակ է՝ նախեւառաջ փորձել հնարավորինս համակարգված դարձնել ստուգումները եւ երկրորդ` պարբերաբար կատարվող փոփոխությունների բացասական սպասումներից հնարավորինս հեռու պահել փոքր ու միջին բիզնեսը:
Նկատենք, որ բարեփոխումների ընթացքը կառավարությունը վստահել է Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդին, որում, բացի այն նախարարություններից, որոնք իրականացնում են ոլորտային վերահսկողություն, հրավիրված են նաեւ միջազգային կազմակերպությունների եւ տեղական ՀԿ-ների ներկայացուցիչներ:
Սոսե Չանդոյան