Արտաշատում 2950 քաղաքացի արդեն մասնակցել է քաղաքապետի ընտրությանը
ОбществоԱրարատի մարզի Արտաշատ քաղաքում այսօր՝ հունիսի 7-ի վաղ առավոտից մեկնարկած քաղաքապետի ընտրություններին արդեն 2950 քաղաքացի է մասնակցել: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից:
Արտաշատ քաղաքում հաշվառված 20 հազար 945 ընտրողները կքվեարկեն քաղաքում բացված 12 ընտրատեղամասերում: Առավոտյան ժամը 8:00-ին մեկնարկած ընտրությունները կավարտվեն 20:00-ին:
Նշենք, որ Արտաշատում առաջադրվել է քաղաքապետի միայն մեկ թեկնածու՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանը:
Քարոզարշավի սկզբին քաղաքապետի պաշտոնի թեկնածություն էին ներկայացրել եւս երկու թեկնածու՝ Աբրահամյանների ընտանիքի թշնամի համարվող Հովհաննես Ղազարյանը («Գազի Հովո») եւ «Շահումյան ալկո» ՍՊԸ տնօրեն Գարեգին Համբարձումյանը, որոնք կարճ ժամանակ անց կամովի դուրս էին եկել ընտրապայքարից:
Նշենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված հանրապետության թվով 32 համայնքներում: Դրանցից 18-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի, 12-ում՝ ավագանու անդամի, իսկ երկու համայնքներում` միաժամանակ համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ:
ՏԻՄ ընտրություններին բոլոր համայնքներում միասին կմասնակցեն համայնքի ղեկավարի 38 եւ ավագանու անդամի 102 թեկնածու: