Հովիկ Աբրահամյանի որդին ընտրության է գնացել 3-ամյա դստեր հետ
ОбществоԱրտաշատի քաղաքապետի թեկնածու, Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանն այսօր՝ հունիսի 7-ին, քաղաքի 17/7 ընտրատեղամասում մասնակցեց ընտրության:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Արգամ Աբրահամյանը ընտրության էր եկել 3-ամյա դստեր եւ հորեղբոր տղայի հետ:
Քվեարկելուց հետո Արգամ Աբրահամյանը լրագորղներին ասաց, որ ընտրել է հանուն բարեկեցիկ Արտաշատի:
«Խնդիրները շատ են, բոլորը լուծելով գնալու ենք առաջ սկսած փողոցների բարեկարգումից, կանաչապատումից, տանիքներից, շենքերի բակերից, վերանորոգումից: Բոլոր խնդիրներին անդրրադառնալու ենք»,- ասաց Արգամ Աբրահամյանը:
Նշենք, որ Արտաշատում առաջադրվել է քաղաքապետի միայն մեկ թեկնածու՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանը:
Քարոզարշավի սկզբին քաղաքապետի պաշտոնի թեկնածություն էին ներկայացրել եւս երկու թեկնածու՝ Աբրահամյանների ընտանիքի թշնամի համարվող Հովհաննես Ղազարյանը («Գազի Հովո») եւ «Շահումյան ալկո» ՍՊԸ տնօրեն Գարեգին Համբարձումյանը, որոնք կարճ ժամանակ անց կամովի դուրս էին եկել ընտրապայքարից:
Նշենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված հանրապետության թվով 32 համայնքներում: Դրանցից 18-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի, 12-ում՝ ավագանու անդամի, իսկ երկու համայնքներում` միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
ՏԻՄ ընտրություններին բոլոր համայնքներում միասին կմասնակցեն համայնքի ղեկավարի 38 և ավագանու անդամի 102 թեկնածու: