Սիրիայում Մարիամ Աստվածածնի անվան մզկիթ է բացվել
КультураՍիրիայում արտասովոր իրադարձություն է տեղի ունեցել: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը` սիրիական ՍԱՆԱ-ին հղումով, հունիսի 6-ին Տարտուս միջերկրածովյան քաղաքում մզկիթ է բացվել, որը կրում է Սուրբ Մարիամ Աստվածածնի` քրիստոնեության մեջ առավել հարգված կերպարներից մեկի և մեծագույն սրբի անունը:
Սիրիայի կրոնական խմբավորումների հարցերով նախարար Մուհամեդ Աբդել Սատտար ալ-Սայեդի խոսքով` «առաջին անգամ է, որ արաբական և մահմեդական աշխարհում մզկիթն անվանվում է Մարիամ Աստվածածնի անունով»: Վերջինս ընդգծել է, որ այդ քայլը «եղբայրության և համերաշխության կոչ է պարունակում»:
Ինչպես իր հերթին նշել է Տարտուսի և Լաթաքիայի Մարոնական եկեղեցու ներկայացուցիչ Անտուան Դիբը` «Սուրբ Մարիամի անվան մզկիթի բացումը բարեկամական ժեստ է, որը ցույց է տալիս, որ իսլամը և քրիստոնեությունը կրում են միևնույն բարձրագույն առաքելությունը` հանուն սիրո և խաղաղության»:
Մեկնաբանելով Տարտուսում տեղի ունեցած միջոցառումը` դիտորդները նշում են, որ Սիրիան միշտ հպարտացել է իր բնակչության դավանանքային բազմազանությամբ, ինչպես նաև նրանով, որ քրիստոնյաներն ու մահմեդականները Սիրիայում պատմության տարբեր փուլերում ապրել են կողք կողքի:
Նշվում է, որ մինչ քաղաքացիական պատերազմի սկսվելը Սիրիայում քրիստոնյա բնակչությունը կազմում էր 2 մլն, որը ընդհանուր բնակչության 10 տոկոսն էր, իսկ 2014-ի կեսերին արդեն մեկ մլն քրիստոնյա լքել էր իրենց տները: