«Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների հիմնարար նպատակն է նպաստել կազմակերպությունների առողջացմանը
Общество«Սնանկության մասին» ՀՀ օրենքում ներկա դրությամբ բացակայում են ճգնաժամային կառավարման մեխանիզմները: Օրենքը ստիպում է պարտապանին կամավոր սնանկության դիմում ներկայացնել դատարան, երբ իր պարտավորությունները գերազանցում են օրենքով սահմանված չափերը: Դրանից հետո հետևում են սահմանափակումներ, որոնք գործնականում ստեղծում են դժվարություններ ընկերությունների հնարավոր առողջացման և շուկա վերադառնալու հրատապ քայլեր ձեռնարկելու համար:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ կլոր սեղան-քննարկման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը: «Սնանկության գործընթացը մեր մեջ ընկալվում է որպես ընկերությունների լիկվիդացիոն գործընթաց, որի հիմքում ընկած են ներկայումս գործող օրենսդրական կարգավորումները: Մինչդեռ այդ բարդ ընթացակարգի գլխավոր նպատակն է`տնտեսավարող սուբյեկտները տանել առողջացման ճանապարհով, ինչը շատ կնպաստի նաև երկրի ողջ տնտեսության առողջացմանը»,- նշեց նա:
Նա ընդգծեց, որ ֆինանսական ճգնաժամի մեջ հայտնված պարտապանին այնպիսի աջակցություն է հարկավոր, որը գործնականում հնարավորություն կտա ստանալ պարտավորությունների կատարման նոր մեխանիզմ կամ ժամանակացույց: «Հենց այս փուլում հակաճգնաժամային կառավարման ինստիտուտի ներմուծումը սնանկությունների կանխման համար կարևոր միջոց կարող է դառնալ: Այդ պատճառով պարտապանի ճգնաժամային կառավարման համար սնանկության կառավարիչներին պետք է տրվեն օրենքով սահմանված համապատասխան իրավասություններ, որոնք կօգնեն պարտապանին հաղթահարել դժվարությունները և վերադառնալ բնականոն գործունեության»,-նկատեց Արսեն Մկրտչյանը:
«Սնանկությանմասին» ՀՀօրենքի փոփոխություններով նախատեսվում է գործող օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ կետով`պարտապանի ֆինանսական առողջացման հարցը պարզելու նպատակով պարտապանի սնանկության դիմումը վարույթ ընդունելու պահից պարտապանը, իսկ բավարար հիմքերի առկայության դեպքում նաև ժամանակավոր կառավարիչը, կարող է դիմել դատարան`պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռըհետաձգելու մասին դիմումով. յուրաքանչյուր դեպքում վճիռը հետաձգվում է մեկ ամսով, որի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել վեց ամիսը: