ԱԺ նախագահը դատախազության գործունեության քննարկման ընթացքում բարեկրթության պակաս է տեսնում
ОбществоԱզգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ելույթ է ունեցել ՀՀ գլխավոր դատախազության 2014թ. գործունեության վերաբերյալ հաղորդման քննարկման ժամանակ, որում ներկայացրել է քննարկումների վերաբերյալ իր մտահոգությունները և դիտարկումները: Ելույթի սկզբում ԱԺ նախագահն ընդգծեց, որ չի կարողացել իրեն զսպել, որպեսզի ելույթ չունենա, քանի որ ասելիք ունի, որը վերաբերում է ոչ թե առանձին պատգամավորների ելույթներին, այլ ընդհանուր քննարկման ընթացքին: «Ես չեմ հիշում, որ այս ոլորտի վերաբերյալ Ազգային ժողովում նման աննախադեպ քննարկում լիներ: Ես այն կարծիքին եմ, որ թե զեկուցողը, թե հարցեր տվողները և ելույթ ունեցողները մեկ նպատակ են հետապնդում՝ բարեփոխել մեր երկրի իրավական, դատական համակարգը: Սա մասշտաբային քննարկում էր, հիմնական զեկուցողը պատասանեց բոլոր հարցերին, պարզապես մենք չկարողացանք տարբերել հաղորդումն ինչ է, հաշվետվությունն ինչ: Դուք բոլորդ, փաստորեն, դատախազից հաշվետվություն էիք պահանջում»,- նշեց Սահակյանը:
ԱԺ նախագահն իր մտոհգությունը հայտնեց նաև քաղաքական մեծամասնությունը ներկայացնող մի խումբ պատգամավորների ելույթների վերաբերյալ: «Քաղաքական մեծամասնության մոտ էլ ես նկատեցի միտում, որ լավ խոսքեր են ասում, ձեռքի հետ էլ քննադատական մտքեր են հնչեցնում, թե տեսեք մենք էլ ենք ինչ-որ բան անում: Այսքանով ցուցադրականությունը վերաբերում է ոչ միայն ընդդիմությանը, այլ նաև քաղաքական մեծամասնությանը: Չի կարելի ասել բաներ, որոնք դու կարող ես շատ կարճ ճանապարհով վեր հանել, քննարկել և քո գնահատականը տալ դրա վերաբերյալ»,- ասաց ԱԺ նախագահը:
Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների քննադատական ելույթներին՝ ԱԺ նախագահն ընդգծեց, որ քննարկումների ընթացքում պակասում էր բարեկրթությունը: Նրա խոսքով՝ կարելի էր շատ հանգիստ ներկայացնել, որ երկրի դատաիրավական համակարգում կա լուրջ բարեփոխումների անհրաժեշտություն: «Այդ մասին մենք բոլորս ենք ասում: Նրանք, ովքեր պատասխանատու են այդ բարեփոխումները ճիշտ ճանապարհով տանելու հարցում, շատ լավ հասկանում են խնդրի էությունը: Նրանք, ովքեր հենց հիմա ցանկանում են դատախազից պատասխան ստանալ, որ վաղվանից ամեն ինչ կարվի, որ բոլոր բարեփոխո ւմները կիրականացվեն, պետք է շատ լավ գիտակցեն, որ ամբողջ աշխարհի համար շատ լուրջ խնդիր է այդ համակարգը տեղից շարժելը և բարեփոխումների ճանապարհով տանելը: Այնպես որ պիտի կարողանանք քննադատության կողքին նաև դրականը տեսնել»,- ընդգծեց Գալուստ Սահակյանը:
Գալուստ Սահակյանը պատգամավորներին մեղադրեց նաև սեփական կարծիքն ու տեսակետը դատախազին և հասարակությանը պարտադրելու մեջ: ԱԺ նախագահն այն կարծիքին է, որ որոշ պատգամավորներ էլ փորձում են հասարակության առջև «դուխով» երևալ և այս կամ այն պաշտոնյայի հասցեին որևէ քննադատական խոսք ասելուց հպարտանում են:
Նա նշեց, որ կարելի է քննադատել, սակայն պետք է տեսնել նաև լավը, պետք է այնպես անել, որ այս քննարկումներից հետո ամեն ինչ դեպի լավը գնա: Նրա խոսքով՝ պետք չէ կյանքն ամբողջությամբ գորշ գույներով ներկայացնել: ԱԺ նախագահը դրական համարեց այն հանգամանքը, որ ՀՀ գլխավոր դատախազը պատշաճ կերպով ներկայացրել է հաղորդումը և պատասխանել պատգամավորների հարցերին: «Ես կարծում եմ, որ դատախազը սպառիչ պատասխան է տվել բոլոր հարցերին: Այլ հարց է, թե որքանով այդ պատասխանները կբավարարեն մեզ, բայց դա չի նշանակում, որ պետք է ամեն ինչ սևացնենք: Մենք ժողովրդի առջև են ք խոսում, եկեք մեր խորհրդարանական բառապաշարն ըմբռնելի դարձնենք հասարակությանը»,- ասաց Սահակյանը:
Ազգային ժողովի նախագահի ելույթից հետո դահլիճից հնչեցին ծափահարություններ, ինչին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Տեսնում եք, պարոն Սահակյան, Ձեր ելույթին ծափահարում են թե ընդդիմության, թե իշխանության ներկայացուցիչները: Հազիվ մի տեղ միասնական են»,- ասաց Շարմազանովը: