Հնագույն ջութակների բացառիկ ցուցահանդես՝ Երևանում. դրանցից մեկը կտրամադրվի խաչատրյանական մրցույթի դափնեկիրներից մեկին
КультураԱրամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի շրջանակներում մեծ կոմպոզիտորի տուն-թանգարանում հունիսի 7-ին և 8-ին գործում է 18-19-րդ դդ. հազվագյուտ ջութակների ցուցահանդես-վաճառք։ «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը շվեյցարական Del Gesu հիմնադրամի հետ երկարատև բանակցությունների արդյունքում կարողացել է Երևանում ներկայացնել Անտոնիո Ստրադիվարիուսի, Նիկոլո Գալիանոյի և աշխարհահռչակ այլ վարպետների պատրաստած ջութակները։ Del Gesu հիմնադրամի հավաքածուում առկա է շուրջ 150 գործիք, որոնցից Երևանում ներկայացված են 8-ը։
«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը նշեց, որ աշխարհում ընդունված է միջազգային մրցույթների շրջանակներում կազմակերպել նման ցուցահանդեսներ։ Հայաստան առաջին անգամ են բերվել այս քանակության և որակի գործիքներ։ Հիմնադրամի գործադիր տնօրենը տեղեկացրեց նաև, որ Del Gesu հիմնադրամը որպես հատուկ մրցանակ Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի դափնեկիրներից մեկին 1 տարի ժամկետով նվագելու իրավունքով կտրամադրի ցուցադրված գործիքներից մեկը՝ J.B.Vuillaume-ի 1825թ. ջութակը։ Աննա Տեր-Հովակիմյանը նշեց, որ այս ցուցահանդեսը մշակութային մեծ իրադարձություն է, և հանրությունը կարող է ծանոթանալ աշխարհահռչակ վարպետների ստեղծած գործիքներին։
Del Gesu հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Դիմիտրեսկուն նշեց, որ իրենք ուրախ են լինել Արամ Խաչատրյանի անվան մրցույթի մի մասնիկը։
Այսօր՝ ցուցահանդեսի ընթացքում, բացվեցին ցուցափեղկերը, և Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ժյուրիի անդամները հնչեցրին բացառիկ ջութակները։
Նշենք, որ Del Gesu հիմնադրամը լարային գործիքներ ներկայացնող մասնագիտացված կառույց է, որի հիմնական առաքելությունն է աջակցել առավել խոստումնալից և տաղանդավոր երիտասարդ երաժիշտներին, ովքեր իրենց կարիերայում լավագույն արդյունքի հասնելու համար լավ գործիքի կարիք ունեն։ Հիմնադրամը համագործակցում է մասնավոր կոլեկցիոներների և շնորհալի երիտասարդ արվեստագետների հետ՝ օգնելով կազմակերպել փոխշահավետ գործակցություն վերջիններիս միջև։ Հիմնադրամում համոզված են, որ լավ գործիքի արժեքն էլ ավելի է մեծանում, երբ այն հնչում է բարձրակարգ երաժշտի ձեռքում։ Իսկ երիտասարդ տաղանդներն էլ միշտ մեկենասների կարիք ունեն։