Էրեբունու անձնագրային բաժանմունքի պետը պաշտոնեական կեղծիք է կատարել
ОбществоԵրևանի բնակիչ Արտյոմ Սեդրակյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի չորրորդ մասի երկրորդ կետի, 312.1-րդ հոդվածի երկրորդ մասի և 314-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով մեղադրանքներ են առաջադրվել: Այս մասին հայտնի դարձավ դատական տեղեկատվական համակարգից:
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Էրեբունու անձնագրային բաժանմունքի պետ Արտյոմ Սեդրակյանը Հայաստանի Հանրապետությունից բացակայող Ա.Սլոյանի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու` անձամբ անձագրային բաժանմունք չներկայանալու պայմաններում, վերջինիս կորցրած անձնագրի փոխարեն նոր անձնագիր հատկացնելու համար պահանջել է 5000 ԱՄՆ դոլար: Այնուհետև` կաշառքի նախնական չափը սակարկելուց հետո` 2013 թվականի օգոստոսին ստացել է առանձնապես խոշոր չափերով` 1 միլիոն 833 հազար 35 ՀՀ դրամին համարժեք` 4500 ԱՄՆ դոլար կաշառք:
Այնուհետև` Ա.Սլոյանի օգտին գործողություն կատարելու, այն է` վերջինիս անձամբ անձնագրային բաժանմունք չներկայանալու պայմաններում նրա անունից կեղծ դիմում լրացնելու և անձնագրի կորստյան կեղծ գործ կազմելու համար պաշտոնատար անձ չհանդիսացող, հանրային ծառայող Ս.Ունուսյանին անձամբ տվել է խոշոր չափերով` 203 հազար 675 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրություն:
Դրանից հետո` Ա.Սլոյանի ՀՀ-ում գտնվելու, անձամբ անձնագրային բաժանմունք ներկայանալու և Էրեբունու զինկոմիսարիատում հաշվառվելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ և գրառումներ է մտցրել պաշտոնեական փաստաթղթերում, կազմել կեղծ փաստաթղթեր:
Կազմված կեղծ փաստաթղթերի հիման վրա «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքով հաստատված ՀՀ անձնագրային համակարգի կանոնադրության սահմանված կարգի խախտմամբ` Ա.Սլոյանը հաշվառվել է բնակչության պետական ռեգիստրում, և նրա անվամբ ՀՀ քաղաքացու կեղծ անձնագիր է կազմվել, տպագրվել ու հանձնվել:
Վերը նշված քրեական հոդվածներով` մեղադրյալին սպառնում է յոթից տասներկու տարի ժամկետով ազատազրկում և առավելագույնը երեք տարի ժամկետով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում, ինչպես նաևնվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկից չորս հարյուրապատիկի չափով տուգանք:
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանը Արտյոմ Սեդրակյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրել է կալանավորումը: