Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կկայանա Հայաստանի «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների համերգը
КультураԿոմիտաս թանգարան-ինստիտուտում հունիսի 9-ին տեղի կունենա Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի անդրանիկ համերգը: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ մշակույթի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, պատանի երաժիշտները կկատարեն հայ և արևմտաեվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Հայաստանի «Նոր անուններ» ծրագիրն իրականացվում է 1989 թ.-ից՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Մշակույթի գործիչների ընկերակցության» նախագահ Սիլվա Մեքինյանի նախաձեռնությամբ: 2011 թվականից «Նոր անուններ» ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո:
Ծրագիրը մինչ օրս հաջողությամբ է կատարում իր առաքելությունը՝ հայտնաբերելով և զորավիգ լինելով պատանի տաղանդներին, այսօրվա նոր անուններին ու ապագայի հոգևոր մշակույթի կերտողներին:
«Նոր անուններին» անդամագրված են 10-18 տարեկան շուրջ 30 շնորհալի պատանի երաժիշտ-կատարողներ՝ հանրապետության երաժշտական կրթօջախների սաներ, միջազգային և հանրապետական մրցույթների, փառատոնների դափնեկիրներ: