Շարմազանովը վստահեցնում է, որ ՏԻՄ ընտրություններն անցել են առանց խախտումների
ОбществоԱզգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վստահեցնում է, որ հունիսի 7-ին Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցել են առանց խախտումների: Ազգային ժողովում «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ, անդրադառնալով ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Բիշարյանի դիտարկմանը, թե Ալավերդիում մարդիկ քվեարկել են պլաստիկ քարտերով, իսկ ընտրությո ւններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողներից 3000-ով ավելի մարդ, Շարմազանովը վստահեցրեց, որ այդ տեղեկությունն իրականությանը չի համապատախսանում: «Ես ինքս Ալավերդիի բնակիչ եմ և այդ օրը մասնակցել եմ ընտրություններին: Վստահեցնում եմ՝ Ալավերդիում որևէ մեկը պլաստիկ քարտով չի քվեարկել: Քվեարկությունը եղել է անձնագրերով: Ես քվեարկել եմ իմ անձնագրով, ինչպես բոլորը»,- հայտարարեց Շարմազանովը:
Նա հայտնեց, որ Ալավերդիում ընտրություններին մասնակցել է 8789 ընտրող: «Քաղաքապետի նախորդ ընտրություններին մասնակցել է 9300 ընտրող, համապետական ընտրություններին մասնակցել է 8800 ընտրող»,- ասաց նա:
Նա նշեց, որ ինքը հետևել է նաև մյուս համայնքներում անցկացվող ընտրություններին՝ հավելելով, որ բոլոր տեղերում ընտրություններն անցել են առանց խախտումների: «Հետևել եմ նաև մյուս համայնքների ընտրություններին, և կարող եմ ասել, որ ամեն ինչ ընթացել է առանց խախտումների, առանց բողոքների: Իսկ Ալավերդիում երկու թեկնածուների գրասենյակները, լրագրողները և վստահված անձինք խախտում չեն արձանագրել, կենտրոնական ընտրական հանձնաժողով բողոք չի եղել: Ես խնդրում եմ, հասարակությանը թյուրիմացության մեջ մի գցեք»,- նշեց Շարմազանովը:
Դիմելով Հեղինե Բիշարյանին՝ Շարմազանովը կոչ արեց հղում անել ոչ թե մամուլին, այլ իրենց կուսակցության տարածքային կառույցին: Նա վստահեցրեց, որ պատրաստ է հրապարակավ ներողություն խնդրել, եթե ՕԵԿ տարածքային կառույցից կասեն, որ Ալավերդիում քաղաքապետի ընտրություններն անցել են խախտումներով:
Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաև «Հանրաքվեի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին՝ ընդգծելով, որ այն բխում է ընտրական օրենսգրքի և Հայաստանի ժողովրդավարացման, բազմակարծության ապահովման տրամաբանությունից: