Մեջլիս անցած 3 հայ պատգամավորներից 2-ը համայնքը չեն ներկայացնում. թուրքագետ
ИнтервьюԹուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցությունը միաժամանակ թե հաղթեց, թե պարտվեց:
Ըստ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի, ներկա դրությամբ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը լուրջ ճգնաժամի առաջ է կանգնած, քանի որ միանձնյա իշխանություն չի կարող ձեւավորել, իսկ կոալիացիա ձեւավորելը նույնպես բարդ է` եւ լի վտանգներով: «Սա Էրդողանի քաղաքական վերելքի վերջն էր, վայրէջքը, եւ նաեւ դրանով է պայմնավորված, որ ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո Էրդողանը հրապարակային ելույթ չի ունեցել: Նա կարծես թե ընկճախտի մեջ է»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:
Անդրադառնալով Մեջլիս անցած երեք հայազգի պատգամավորներին՝ Մելքոնյանն ասաց, որ նրանցից երկուսը որեւէ կապ չունեն համայնքի հետ: «Մակար Եսայանը Էրդողանի կուսակցությունից է եւ պաշտպանում է Էրդողանի քաղաքական գիծը: Նա ծանոթ է հայ համայնքին, սակայն ասել, որ համայնքի պատգամավոր է` ճիշտ չէ: Նրա ազգանունն առավելապես օգտագործվել է, որպես Թուրքիան ավելի ժողովրդավար երեւա»,- ասաց Մելքոնյանը:
Մյուս պատգամավորը` Դողանն ընտրվել է Քեմալական կուսակցությունից, որը երիտթուրքերի գաղափարախոսության շարունակողն է: Հետեւաբար, այս պատգամավորը նույնպես չի կարող համայնքի կամ Հայաստանի հետ հարցերի մասին բարձրաձայնել խորհրդարանում:
Ինչ վերաբերում է Գարո Պայլանին, ապա նա տեղյակ է համայնքի խնդիրներին, հայ-թուրքական հարաբերություններին եւ ընդգրկված է այն շարժման մեջ, որը պահանջում է երկրի իշխանություններից անցկացնել Պոլսո պատրիարքի ընտրություններ: Հետեւաբար, թուրքագետը չի բացառում, որ այս հարցը կդրվի նաեւ խորհրդարանական քննարկման: