Էներգետիկայի ոլորտի մի քանի ընկերություններ կմարեն պետության նկատմամբ ունեցած պարտքերը
ОбществоՀայաստանի կառավարությունը 2015թ. պետական բյուջեի միջոցներով կվճարի «Երևանի ՋԷԿ», «ՀԱԷԿ», «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր», «Ընդունելությունների տուն» և «Նաիրիտ-2» ՓԲԸ-ների կողմից լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի ձեռքբերման դիմաց, իսկ ընկերությունները այդ գումարով կմարեն Հայաստանի Հանրապետության հանդեպ իրենց ունեցած պարտքերը:
Համապատասխան որոշումը կայացվել է ՀՀ կառավարության հունիսի 10-ի նիստում: Նիստի ընթացքում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտնեց, որ որոշման նախագծով առաջարկվում է նաև 17 մլրդ 968,8 մլն դրամով նվազեցնել «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը: «Ընկերության փոխառությունների պահանջների իրավունքները փոխանցվելու է Հայաստանի Հանրապետության սեփականությանը»,- ասաց Զախարյանը:
2015թ. պետական բյուջեի միջոցներով «Երևանի ՋԷԿ»-ին կվճարվի 9 մլրդ 90,9 մլն դրամ, «ՀԱԷԿ»-ին`5 մլրդ 422,5 մլն դրամ, «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր», ՓԲԸ-ին`1 մլրդ 546,3 մլն դրամ, «Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ին` 1 մլրդ 580,6 մլն դրամ և «Նաիրիտ-2»-ին` 328,5 մլն դրամ: Գումարը վճարվելու է բաժնետոմսերի ձեռքբերման դիմաց, իսկ ընկերությունները այդ գումարով կմարեն պետության նկատմամաբ ունեցած պարտքերը: