Գալուստ Սահակյանն առաջիկայում Հայաստանի տնտեսության զարգացման լուրջ հեռանկարներ է տեսնում
ОбществоՊետական բյուջեի տարեկան հաշվետվության քննարկումն Ազգային ժողովում լավ հնարավորություն է հաշվետու տարվա ընթացքում կատարված աշխատանքներն ամփոփելու և օբյեկտիվ գնահատական ձևավորելու համար: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2014 թ. պետական բյուջեի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա նկատեց, որ, չնայած դժվարություններին, ՀՀ կառավարությանը հաջողվել է պատվով իրականացնել պետական բյուջեի կատարումը, արձանագրել դրական զարգացումներ՝ երկրի տնտեսության զարգացման համար լուրջ հեռանկարներ և նախադրյալներ ստեղծելով:
«Կարծում եմ, պատահական չէ, որ նման հաշվետվությունների քննարկումները, ինչպես մշտական հանձնաժողովներում, այնպես էլ լիագումար նիստում բավականին ակտիվ են ընթանում: Չեմ ցանկանում անդրադառնալ հաշվետվության մեջ ներկայացված փաստերին ու թվերին, քանի որ կառավարության ներկայացուցիչները և պատգամավորներն արդեն մանրամասն ներկայացրել են դրանք: Կարծում եմ, որ այս պահին շատ ավելի կարևոր է արձանագրել այն միտումներն ու օրինաչափությունները, որոնք ձևավորվել են 2014թ. և կարող են իրենց ազդեցությունը թողնել նաև ընթացիկ տարվա պետական բյուջեի կատար ման վրա»,-նշեց Սահակյանը:
Նրա խոսքով՝ հաշվետու տարին առանձնահատուկ էր և էականորեն տարբերվում էր նախորդ տարիներից՝ կապված մի շարք այնպիսի հանգամանքների հետ, ինչպիսիք են՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու նախապատրաստումը՝ ներառյալ օրենսդրական դաշտի համապատասխանեցումը, տարվա կեսից պետական հատվածի աշխատողների աշխատավարձերի ու կենսաթոշակների շոշափելի բարձրացումը, ինչպես նաև սոցիալական մի շարք ծրագրերի իրականացումը:«Կարևոր հանգամանքներ են նաև միջազգային հարաբերություններում լարվածության մեծացումը և Հայաստանի առևտրատնտեսական ու ռազմավ արական գործընկեր երկիր Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հետևանքով դեպի Հայաստան մասնավոր տրանսֆերտների հոսքի կրճատումը, Հայաստանի սահմանամերձ շրջաններում և Արցախում ադրբեջանական ուժերի կողմից իրականացվող սադրանքների ակտիվացումը, հաշվետու տարվա վերջին ազգային արժույթի կտրուկ արժեզրկումը, և, դրանով պայմանավորված, բնակչության մի հատվածի գնողունակության անկումը»,- ասաց Սահակյանը:
ԱԺ նախագահի խոսքով՝ նման պայմաններում հասկանալի է, որ կառավարությունից շատ ավելի մեծ ջանքեր էին պահանջվում պետական բյուջեի կատարման համար, որը ոչ միայն իրականացվել է, այլ զգալի նախադրյալներ են ստեղծվել ընթացիկ տարում առաջընթաց ապահովելու և ձևավորված բացասական միտումները մեղմելու համար: «Իհարկե, տնտեսական աճի տեմպերը սպասվածից ավելի զուսպ են եղել՝ հիմնականում պայմանավորված արտաքին զարգացումներով, սակայն դրանով հանդերձ՝ կառավարության ձեռնարկած հիմնավոր և արդարացված քայլերի շնորհիվ հնարավոր դարձավ խուսափել ոչ ցանկալի զարգացումներից և տարին եզրափակել 3.4 տոկոս տնտեսական աճով: Գրանցված դրական ցուցանիշների մասին են վկայում նաև պետական բյուջեի եկամուտների և արտաքին առևտրաշրջանառության աճը, պաշտպանության և սոցիալական ապահովության բնագավառների համար սահմանված խնդիրների լուծումը և մի շարք այլ ուղղություններով գրանցված դրական զարգացումները: Բնականաբար, նման զարգացումները նախադրյալներ են ստեղծում առաջիկա տարիներին հանրապետության տնտեսական զարգացման և մեր առջև ծառացած սոցիալտնտեսական խնդիրների լուծման համար»,- ընդգծեց ԱԺ նախագահը:
Նա միաժամանակ համոզվածություն հայտնեց, որ առաջիկայում ԵԱՏՄ-ին անդամակցությամբ, ինչպես նաև տարբեր երկրների և միջազգային կառույցների հետ ինտեգրացիոն գործընթացների խորացմամբ պայմանավորված՝ երկրում ձևավորվելու են տնտեսության զարգացման լուրջ հեռանկարներ: