Հայաստանը «Պրահայի քվադրինալե» փառատոնին կներկայանա «Կարմիր կարկուտ» համադրումով
КультураՊրահայում հունիսի 18-28-ին կայանալիք «Պրահայի քվադրինալե» թատերանկարչության և բեմանկարչության միջազգային փառատոնին Հայաստանը կներկայանա «Կարմիր կարկուտ» խորագրով բեմանկարչական համադրումով` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությա մբ՝ նախագիծն իրականացնում է «Էյվա» արվեստների հիմնադրամը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, «Կարմիր կարկուտ» բեմանկարչական համադրումը գաղափարային պատկերը ձևավորվել է մեկ վավերագրական լուսանկարի և երաժշտության փոխազդեցության արդյունքում: Լուսանկարում պատկերված են Մուշի ցերեկային դպրոցի փոքրիկ աշակերտները, իսկ երաժշտությունը Տիգրան Համասյանի կողմից ժամանակակից մշակում ստացած՝ Ներսես Շնորհալու «Նոր ծաղիկ» Հարության տաղն է:
Քվադրինալեի պաշտոնական բացումը տեղի կունենա հունիսի 17-ին, Պրահայի կենտրոնում գտնվող Հին քաղաքի հրապարակում` 80 երկրից ժամանած հյուրերի, դեսպանների, աշխարհահռչակ արվեստագետների և այլոց մասնակցությամբ, իսկ հունիսի 18-28-ն այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու Քվադրինալեի մասնակից 64 երկրների ցուցադրություններին: Հայաստանի տաղավարը տեղակայված կլինի Ֆ. Կաֆկայի տանը, ուր և հանրությանը կներկայացվի «Կարմիր կարկուտ» համադրումը:
Հիմնական ցուցադրությունից բացի, հունիսի 23-ին տեղի կունենա «Հայկական օր» միջոցառումը, որի շրջանակում կներկայացվի «Հայոց ցեղասպանության վերջին վերապրածները» նախագիծը` Հայոց ցեղասպանությունը վերապրած և մինչ օրս Հայաստանում ապրող մարդկանց մտքերն ու հույզերը: