ԼՂ հակամարտության կարգավորման հարցը ՀՀ խորհրդարանի ուշադրության կենտրոնում է. Գալուստ Սահակյան
ПолитикаՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին՝ շնորհավորելով նրան իր պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սահակյանը կարևորել է ԼՂՀ-ում ժողովրդավարական չափանիշներին համապատասխան խորհրդարանական ընտրությունների անցկացումը, ինչը բարձր է գնահատվել նաև դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպությունների կողմից:
Գալուստ Սահակյանը նշել է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցը մշտապես ՀՀ խորհրդարանի ուշադրության կենտրոնում է: Խորհրդարանի ղեկավարը կարևորել է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովների միջև հարաբերությունների առավել ընդլայնումն ու խորացումը:
ԼՂՀ ԱԺ նախագահ Ղուլյանը շնորհակալություն է հայտնել Գալուստ Սահակյանին ջերմ ընդունելության ու արդյունավետ համագործակցության համար: Նա բարձր է գնահատել երկու խորհրդարանների մշտական հանձնաժողովների միջև ձևավորված սերտ համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել ՀՀ խորհրդարանի և ԼՂՀ խորհրդարանի միջև կնքված համաձայնագրի զարգացման շուրջ, ինչպես նաև քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: