Նախարար Կարապետյանը արտադրողներին հորդորել է չոր կաթի վերածել կաթի ավելցուկը
ОбществоՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է կաթնամթերք արտադրող ընկերություններ` նրանց գործունեությանն ու ընթացիկ խնդիրներին ծանոթանալու նպատակով: Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը շրջել է այդ ընկերություններում և, տեղեկանալով ընկերությունների աշխատանքների մասին, նշել , որ կաթի արտադրության սեզոնայնությամբ պայմանավորված՝ արտադրության ծավալներն առավելագույն քանակի են հասնում մայիս-հունիսին, և վերամշակողները չեն կարողանում ամբողջ կաթի ծավալը մթերել կաթնամթերք արտադրելու համար:
«Մեր հիմնական խնդիրն է շուկան ապահովել տեղական արտադրության կաթի փոշիով և կտրուկ կրճատել ներկրվող կաթի փոշու ծավալները: Հզորությունները շատ մեծ են, և կաթի ավելցուկը չոր կաթի վերածելու շնորհիվ մենք կկարողանանք ձմռան ամիսներին սեփական արտադրությունն ապահովել, ինչպես նաև արտահանումներ իրականացնել»,- իր խոսքում նշել է նախարար Սերգո Կարապետյանը:
Նախարարը նաև հավելել է, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իր ուշադրության կենտրոնում է պահում ներկրվող կաթի փոշու որակի վերահսկողությունը: Նախարարի խոսքով` այս տարվա առաջին հինգ ամիսներին հանրապետություն է ներկրվել շուրջ 688 տոննա կաթի փոշի. նախորդ տարվա համեմատ ծավալները կրճատվել են շուրջ 38 տոննայով: Նա նաև հայտնել է, որ կաթի մթերման գործընթացն իրականանում է սահուն և առանց խնդիրների. այս պահին բոլոր ընկերությունները գյուղացիներից կաթը մթերում են 120-130 դրամով:
Սերգո Կարապետյանը նաև տեղեկացրել է, որ որոշ համայնքներում միջնորդների գործունեության պատճառով կաթը գյուղացիներից մթերվում է 100-110 դրամով, և նախարարությունը քայլեր է ձեռնարկում այս խնդրին նույնպես լուծում տալու ուղղությամբ, որպեսզի գյուղացիները դժգոհություններ չունենան: