Հանրապետական զորակոչային հանձնաժողովն ընդլայնված նիստ է անցկացրել
ОбществоՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հունիսի 12-ին տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը, որի ընթացքում ամփոփվեցին նախորդ՝ ձմեռային զորակոչի արդյունքները և քննարկվեցին 2015 ամառային զորակոչի պատշաճ կազմակերպման ու անցկացման հարցերը: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, մարզպետներ, հանրապետության տարածքային զինվորական կոմիսարներ, բուժհանձնաժողովների անդամներ, ինչպես նաև զորակոչի անցկացմանն օժանդակող այլ կառույցների ներակայացուցիչներ:
Զորակոչի անցկացմանն օժանդակող յուրաքանչյուր օղակից ինչ աշխատանք է պահաջվելու, որոնք են նախորդ զորակոչի ընթացքում արձանագրված բացթողումներն ու ձեռքբեռումները և ինչ առանձնահատկություններ են ներդրվելու հերթական զորակոչի ընթացքում. այս հարցերի քննարկմանն է նվիրված եղել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը: Աշխարհաքաղաքական ներկա զարգացումների, տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական իրավիճակի պայմաններում կարևորելով զինված ուժերի համալրման գործընթացի շարունակականությունը, պաշտպանական գերատեսչության ղեկավար Ս եյրան Օհանյանն իր խոսքում նշել է, որ վերջին տարիներին զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համատեղ ջանքերի շնորհիվ առավել բարձր հիմքերի վրա է դրվել զորակոչի գործընթացի իրականացումը: Նախարարը կարևորել է զորակոչի ամբողջ ընթացքում հանրային իրազեկման իրականացումը, թափանցիկության և բանակ-հասարակություն լիարժեք փոխվստահության մթնոլորտի ապահովումը:
Խիստ վերահսկողության տակ է լինելու զորակոչի ամբողջ գործընթացը, հատկապես՝ բժշկական հանձնաժողովների աշխատանքը՝ անառողջ զինակոչիկների զորակոչը բացառելու, միևնույն ժամանակ՝ կեղծ հիվանդությունների և այլ՝ քրեորեն պատժելի արարքների միջոցով զորակոչից խուսափողներին հայտնաբերելու և բոլոր մեղավորների նկատմամբ համապատասխան պատժամիջոցներ կիրառելու նպատակով: Օպերատիվ կերպով ուսումնասիրվելու և սահմանված կարգով ընթացքավորվելու են դիմում-բողոքներն ու ցանկացած տեսակի իրավախախտումները:
Նիստի ընթացքում հիմնական զեկույցով հանդես է եկել ՀՀ զինվորական կոմիսար, գնդապետ Հենրիկ Մուրադյանը: Խոսելով նախորդ զորակոչի արդյունքների և առաջիկա զորակոչի խնդիրների մասին՝ զինվորական կոմիսարը ներկայացրել է թե՛ դրական միտումները և թե՛ որոշակի բացթողումները: Անդրադարձ է եղել զորակոչվածների թվաքանակին, ծառայությանը ոչ պիտանի ճանաչվածների վիճակագրական տվյալներին, զինկոմիսարիատների և բուժհանձնաժողովների կողմից կատարված աշխատանքներին:
Քննարկվել են նաև հայտնաբերված իրավախախտումներին ու հանցագործություններին, զինակոչիկների կցագրմանն ու հաշվառմանը, բժշկական հետազոտությանը, զորակոչից խուսափողների նկատմամբ պատժամիջոցների ու վարչական տույժերի կիրառմանը վերաբերող և զորակոչին առնչվող այլ հարցեր:
Ամփոփելով Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստի արդյունքները` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փաստել է, որ կատարված հետևողական և բարեխիղճ աշխատանքների արդյունքում կոռուպցիոն դեպքերը շարունակական նվազել են, սակայն առկա են նաև թերացումներ: Ըստ այդմ՝ ամառային զորակոչի իրականացման միջոցառումներն էլ ավելի են խստացվելու:
Պաշտպանության նախարարը նաև նշել է, որ ընթացող բարեփոխումների համատեքստում, այդ թվում՝ զորակոչի շրջանակում ռազմավարական բնույթի լայն միջոցառումներ են իրականացվում, որոնց նպատակն է ամրապնդել բանակի և հասարակության միջև հաստատված սերտ կապը, ամրապնդել զինված ուժերի հանդեպ հասարակության վստահությունը, սկսած ընտանիքից ու դպրոցից՝ նպաստել հայրենյաց պաշտպանի գաղափարական ճիշտ դաստիարակմանը:
Նիստի ավարտին էլ ձմեռային զորակոչի անցկացման մի շարք պատասխանատուներ և զինծառայողներ պաշտպանության նախարարի կողմից արժանացել են պատվոգրերի, արժեքավոր նվերների և գերատեսչական մեդալների: