Ավստրիացի լողորդներին վրաերթի ենթարկած ադրբեջանցի վարորդին սպառնում է երեք տարվա ազատազրկում
ОбществоԲաքվի օլիմպիական ավանում ավստրիացի լողորդուհիներին վրաերթի ենթարկած ադրբեջանցի վարորդ Ալի Ահմեդովը կարող է դատապարտվել մինչև երեք տարվա ազատազրկման, ինչպես նաև նույն ժամկետով զրկվել վարորդական իրավունքից: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունից և գլխավոր դատախազությունից հայտնել են, որ Ալի Ահմեդովը ձերբակալվել է մինչև գործի քննության ավարտը: Նրա դեմ գործ է հարուցվել «Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում, որն անզգուշության հետևանքով հանգեցրել է ծանր վնաս տուժած անձի առողջությանը» հիմնավորմամբ:
Ադրբեջանական կողմը քննարկում է նաև ավտոբուսային ծառայությունները տրամադրած կազմակերպության դեմ գործ հարուցելու հավանականությունը:
Ավելի վաղ «Բաքու-2015» կազմկոմիտեի տրանսպորտային վարչությոնից ՏԱՍՍ-ին հայտնել էին, որ ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառը ավտոբուսի տեխնիկական խնդիրներն են եղել: Աղբյուրը հայտնել է, որ պատահարի պահին ավտոբուսի արագությունը չի գերազանցել 23 կմ/ժ-ն:
Սինքրոն լողորդուհիներ Վանեսա Սախինովիչը, Լունա Պայերը և Վերենա Բրայտը վրաերթի էին ենթարկվել օլիմպիական ավանում ավտոսբուս քշող վարորդի անզգուշության հետևանքով: Երեք լողորդներն էլ վնասվածքներ էին ստացել, սակայն նրանցից ամենածանրը Վանեսայի վիճակն է, ով տեղափոխվել է Վիեննա և վիրահատվել, ինչից հետո բժիշկները նրան արհեստական կոմայի մեջ են մտցրել:
Երեք մարզուհիներն էլ այլևս չեն կարողանալու մասնակցել Բաքվի Եվրոպական խաղերին: «Մենք ցնցված ենք կատարվածից և անմիջապես ձեռնարկել ենք բոլոր անհրաժեշտ քայլերը»,- կատարվածի առնչությամբ ասել է Ավստրիայի օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Պետեր Մեննելը:
Ավելի ուշ համացանցում հայտնվել էր այն տեսագրությունը, որտեղ երևում էր, թե ինչպես է տեղի ունենում վթարը: Ավտոբուսի վարորդի անզգուշությունն ու անբարեխղճությունն արդեն իսկ հասցրել է մեծ քննադատությունների պատճառ դառնալ: