2 չինացի իրենց համերկրացիներին Երեւանում ենթարկել են թրաֆիքինգի. գործը դատարանում է
Обществоnews.am-ը գրում է.
Հայաստանում 4 չինուհու շահագործման ենթարկելու գործն ուղարկվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասինNEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Չուան Վսանգին եւ Լիեն Ֆընգը մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2014թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում կատարել են մարդկանց թրաֆիքինգ: Մասնավորապես 2014թ. հոկտեմբերին Չինաստանում խաբեությամբ՝ Վրաստանում բարձր վարձատրվող աշխատավարձով մերսման աշխատանքով ապահովելու կեղծ խոստումով, սակայն Հայաստանում նրանց սեռական եւ աշխատանքային շահագործման ենթարկելու դիտավորությամբ հավաքագրել են 4 չինուհիների եւ տեղափոխել Հայաստան:
Չինաստանի քաղաքացիներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով: Նրանք կալանավորված են:
Գործը քննելու է դատավոր Ռոբերտ Պապոյանը:
Ավելի վաղ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ չինուհիները Երեւանում ենթարկվել են շահագործման։ Մասնավորապես, վերջիններս տեւական ժամանակ պահվել են երեւանյան հյուրանոցներից մեկում, ապա, օգտվելով նրանց տեղանքին անծանոթ լինելու, իրենց մոտ անձնագիր չունենալու եւ, ընդհանուր առմամբ, խոցելի վիճակում գտնվելու հանգամանքից, ենթարկվել են սեռական ու աշխատանքային շահագործման՝ ամբողջությամբ ստանալով նրանց այդկերպ վաստակած գումարները: