Գործն Արարատի որջից դուրս եկավ. Դստեր համառության շնորհիվ հոր մահվան գործով քննությունը ՀԿԳ-ն կանցկացնի
Обществоnews.am-ը գրում է.
2013թ. հուլիսի 25-ին, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպան եղած՝ Արարատ քաղաքի 65-ամյա բնակիչ Գյանջիրով Հովհանյանի գործով նոր քննությունը կանցկացվի ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մահացածի դուստրը՝ Գայանե Հովհանյանը` նշելով, որ ինքը բացարկ էր ներկայացրել գործն Արարատի մարզում քննելու կապակցությամբ: Նշենք, որ Գայանե Հովհանյանը չի հավատում հոր մահվան պաշտոնական վարկածին եւ պնդում է, որ հորը սպանել են քարի արտադրամասի տնօրենի որդիները՝ Նարեկ եւ Հովհաննես Ավետիսյանները, որտեղ աշխատում էր հայրը:
«Շատ ուրախ եմ, որ գործն Արարատի որջից դուրս եկավ, որովհետեւ գործն այնտեղ փակելով արդեն կեղծարարություն են արել, համ էլ Արարատի քննչականի աշխատակիցների վրա մեծ է հորս սպանողների ազդեցությունը: Իսկ Երեւանում հույս ունեմ, որ արդար քննություն կիրականացվի»,-ասաց Գայանե Հովհանյանը:
Նշենք, որ Գյանջիրով Հովհանյանի մահվան դեպքով նախաքննական մարմինը քրեական գործ չի հարուցել հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Այս կապակցությամբ Գայանե Հովհանյանը բողոք է ներկայացրել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ մասնակիորեն բավարարվել է նրա բողոքը. դատարանը արձանագրել էր, որ տուժողի իրավահաջորդ Գայանե Հովհանյանի իրավունքները խախտվել են, և պարտավորեցրել է վերացնել դրանք: Այս որոշման դեմ այս անգամ Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել Արարատի դատախազությունը՝ պնդելով, որ Գայանե Հովհանյանի իրավունքները չեն խախտվել, կատարվել է օբյեկտիվ քննություն: Մարտի 12-ին Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազության ներկայացրած բողոքը: