Գյուղապետի անհավանական արկածները Նոր Գեղիում
АналитикаՀիշո՞ւմ եք Քաջ Նազարին, որ բախտի բերմամբ դարձավ թագավոր, թագավորությունն անվանեց Նազարստան, տիկնոջն էլ՝ Ուստիանին, կարգեց թագուհի: Դերենիկ Դեմիրճյանի հանճարեղ գրչով ստեղծված հեքիաթի հերոսն, իհարկե, համեստության բոլոր սահմաններն անցել է, բայց դե հեքիաթում ինչեր ասես, որ չեն կատարվում:
Իսկ այն, ինչ տեղի է ունեցել մեր օրերի Հայաստանում, մասնավորապես՝ Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում, Քաջ Նազարի արածի համեմատ համեստություն է, բայց քանի որ հեքիաթ չէ, վեր է տարրական բանականությունից ու տրամաբանությունից:
Պատկերացնո՞ւմ եք, գյուղի կենտրոնական փողոցը, որ նախկինում կոչվել է Երևանյան, համայնքի ավագանու որոշմամբ անվանակոչվել է գործող գյուղապետ Ֆրոնտիկ Թևոսյանի անունով: Առիթը եղել է նրա 70-ամյակը: Աթոռից չընկնեք, եթե ասեմ, որ Նոր Գեղիի երաժշտական դպրոցն էլ նույն գյուղապետի անունով անվանակոչվել է նրա 65-ամյակի առթիվ: Իսկ ա՛յ, գյուղի մշակույթի տան հարցում գյուղապետի բախտ չի բերել, վերևից զանգել զգուշացրել են, որ մշակույթի տունը կենդանի մարդու անունով չեն կոչում, դրա համար էլ այն կոչել են Ցոլակ Խաչատրյանի անունով, թե չէ մտադրություն է եղել գյուղապետի 75-ամյակը նշել մշակույթի տան անվանակոչումով:
Ֆրոնտիկ Թևոսյանը 1985 թվականից ղեկավարում է Նոր Գեղին: Նրա արած ու չարած գործերի գնահատականն, անշուշտ, սերունդները կտան ապագայում, ինչպես չեն մոռացել Ցոլակ Պետրոսյանին՝ հիմնած նշանավոր խնձորի այգիների, սառնարանային հզոր տնտեսության, մշակույթի տան շինարարության և այլ գործերի համար: Տարակուսանք է առաջացնում ոչ միայն այն, որ գործող գյուղապետի փառասիրությունը անցել է բոլոր սահմանները, համայնքի ավագանին էլ, որպես տեղական ինքնակառավարման հակակշռող մարմին, սթափության մղելու փոխարեն դարձել է գյուղապետի կամակատարը: Այսպես շարունակվելու դեպքում Նոր Գեղին էլ շուտով, եթե վերևից զանգ չհնչի, կարող է անվանակոչվել Ֆրոնտիկստան. Քաջ Նազարից ինչո՞վ է պակաս:
Ի դեպ, վերևի զանգի մասին: Ժամանակ առ ժամանակ մամուլում հնչում են տեղեկություններ այս կամ այն մեծահարուստի կամ տեղական իշխանիկի կողմից հանրակրթական դպրոցը, մանկապարտեզը, մշակույթի օջախը իրենց միջոցներով վերանորոգելուց հետո հարազատների կամ մերձավոր բարեկամների անուններով կոչելու մասին: Ցավալին այն է, որ որպես կանոն, դրանք կրթության, մշակույթի կամ հասարակական գործիչներ չեն: Սա լուրջ ահազանգ է կրթության և գիտության, մշակույթի, տարածքային կառավարման նախարարություններին, մյուս պատկան մարմիններին:
Ընդունված է չէ փողոցները, հաստատություններն անվանակոչել գիտության, մշակույթի գործիչների և հերոսների անունով: Նոր Գեղիի գյուղապետը թվարկածից ոչ մեկը չէ, բայց նրան դուր է եկել, որ Երևանյան փողոցն անվանակոչվի Թևոսյան. «Մարդուն նման բաները դուր են գալիս: Դե, առաջարկեցին, ես էլ հո չէի՞ հրաժարվի»: Մենք էլ չենք հրաժարվում առաջարկել այդ փողոցը վերաանվանակոչել Դերենիկ Դեմիրճյանի կամ նրա անմահ ստեղծագործության՝ «Քաջ Նազարի» անունով: Դա ճիշտ կլինի թե իմացաբանական առումով, և թե որպես հիշեցում և զգուշացում մերօրյա քաջնազարներին:
Հ.Գ. «Այո, մարդը մահկանացու է, բայց դա չարիքի կեսն է: Շատ ավելի վատ է, որ նա հանկարծ, միանգամից է դառնում մահկանացու: Ա՛յ սա հանելուկ է» - Բուլգակով, «Վարպետը և Մարգարիտան»:
Արտակ Խաչատրյան