ԵԱՏՄ-ն և Իրանը առաջիկայում բանակցություններ կսկսեն տնտեսական համագործակցության վերաբերյալ
ОбществоՄոտակա ժամանակահատվածում Եվրասիական տնտեսական միությունը և Իրանը տնտեսական համագործակցության վերաբերյալ բանակցություններ կսկսեն:
Այս մասին ՀՀ ազգային ժողովում հայտարարեց ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը՝ պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին:
«Եվրասիական տնտեսական միության անդամ բոլոր երկրներն արդեն իրենց համաձայնությունն են տվել և շահագրգռված են, որպեսզի Իրանի հետ տնտեսական համագործակցության վերաբերյալ բանակցություններ սկսվեն: Մոտակա ժամանակահատվածում այդ բանակցությունները կսկսվեն»,- նշեց Կարայանը:
Անդրադառնալով պատգամավորի մյուս հարցադրմանը, որը վերաբերում էր Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման հեռանկարներին՝ Սուրեն Կարայանն ընդգծեց, որ այդ երկաթգծի կառուցման ուղղությամբ ՀՀ կառավարությունը ջանքեր գործադրում է: Նա վստահեցրեց, որ Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև տնտեսական համագործակցության համատեքստում հայ-իրանական երկաթգծի կառուցումը տնտեսապես ավելի շահավետ և հիմնավոր է դառնում: