Եվրոպական խաղերում կայացել է բռնցքամարտի մրցաշարի վիճակահանությունը
СпортԱռաջին Եվրոպական խաղերի երրորդ օրը կայացել է բռնցքամարտի մրցաշրի վիճակահանությունը: Հայտնի են Հայաստանի հավաքականի մարզիկների մրցակիցները:
Ընդհանուր առմամբ 10 քաշային կարգերում պայքարին մասնակցում է 67 կին և 211 տղամարդ բռնցքամարտիկ: Հայաստանը ներկայացուցիչ ունի 6 քաշային կարգերում: 49 կգ քաշային Արտյոմ Ալեքսանյանը պայքարը սկսելու է 1/16-րդ եզրափակչից: Նա հունիսի 19-ին ուժերը կչափի Իսրայելը ներկայացնող Դավիդ Ալավերդյանի հետ: 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը 1/16-րդ եզրափակչում կմրցի հունգարացի Կսոկա Նանդոր-լեհ Յոզվիկ Մարցեյ զույգի հաղթողի հետ: Մենամարտը տեղի կունենա հունիսի 20-ին: Հունիսի 19-ին ռինգ դուրս կգա 56 կգ քաշային Արամ Ավագյանը: Նա ուժերը կչափի Սիլվեստր Կոզլովսկի (Լեհաստան)-Ստեֆան Իվանով (Բուլղարիա) զույգի հաղթողի հետ: 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը պայքարը կսկսի 1/16-րդ եզրափակչից: Բուլղարացի Էլիան Դիմիտրովի հետ մենամարտը տեղի կունենա հունիսի 20-ին: 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովի առաջին մրցակիցը մեկ այլ բուլղարացի` Աուրին Իզմիտովի և ուկրաինացի Վիկտոր Պետրովի միջև մենամարտի հաղթողն է: Հայ բռնցքամարտիկի մենամարտի օրը հունիսի 21- ն է: 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը պայքարը կսկսի 1/32-րդ եզրափակչից: Նրա մրցակիցը լեհ Յորդան Կուլինսկին է: Նիկոլը ռինգ դուրս կգա հունիսի 18-ին:
Հայաստանի հրաձիգներից մարզում է անցկացրել Հրաչյա Բաբայանը: Մարզիչ Սեյրան Նիկողոսյանը վստահեցնում է, որ մեր 18-ամյա հրաձիգը շատ լավ մարզավիճակում է: Հրաչյա Բաբայանը մեդալի համար կպայքարի վաղը: Նա կմասնակցի 10 մետր օդամուղ հրացանով վարժությանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի հավաքականի մամուլի պատասխանատու Կարեն Գիլոյանը:
Առաջին Եվրոպական խաղերը անցկացվում են Բաքվում 2015 թվականի հունիսի 12-28-ը։ Հայաստանն այդ խաղերում ներկայացված է 6 մարզաձևում հանդես եկող 25 մարզիկներով: