Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի առաջին մրցանակը շնորհվել է Իվա Միլետիչին
КультураԱրամ Խաչատրյանի անվան ջութակահարների 11-րդ միջազգային մրցույթը հատել է եզրագիծը։ Ինչպես տեղեկացրին «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից, այս տարի խաչատրյանական մրցույթի առաջին մրցանակը ժյուրին շնորհել է Սերբիան ներկայացնող ջութակահարուհի Իվա Միլետիչին։ Ժյուրիի որոշմամբ՝ երկրորդ մրցանակը կիսել են Դավիթ Արդուխանյանը (Ռուսաստան) և Անդրեա Օբիսոն (Իտալիա)։ Իսկ երրորդ մրցանակակիրներ են դարձել Պիեր Ֆրապիերը (Ֆրանսիա) և Մարիամ Վարդանյանը (Հայաստան)։
Մրցույթի շրջանակներում հանձնվել են նաև հատուկ մրցանակներ։
Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի հաղթող Իվա Միլետիչին շվեյցարական Del Gesu հիմնադրամը մեկ տարի նվագելու իրավունքով տրամադրել է J.B.Vuillaume-ի 1825թ. ջութակը։ Նա այս տարվա դեկտեմբերին հանդես կգա նաև Երևանում անցկացվելիք՝ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակերում։
Իվա Միլետիչը նշել է, որ մեծ տպավորություններ ունի Խաչատրյանի անվան միջազգային մրցույթից։ Երաժիշտը նկատել է, որ մինչ մասնակցելն էլ շատ լավ արձագանքներ է լսել, և հաճելի է, որ ինքն էլ մրցույթի մի մասնիկն է դարձել՝ հանդիպելով ժյուրիի մեծանուն անդամների, մրցույթի հյուրերի հետ։ Ջութակահարուհին խոստովանել է, որ մրցույթի ընթացքը բավականին դժվար էր, սակայն ուրախ է մասնակցելու համար։ Նա նաև ընդգծել է մրցույթի բարձր կազմակերպվածությունը։ Խոսելով Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների մասին՝ Իվա Միլետիչը նշել է, որ կոմպոզիտորի Ջութակի կոնցերտը ծանոթ էր իրեն և այս օրերին մեծ բավականություն է ստացել նվագելով այն։
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանը կարևորել է այն, որ տարեցտարի մեծանում են Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մասնակիցների թիվը և աշխարհագրությունը։ Արմեն Սմբատյանն ընդգծել է, որ մրցույթի մասնակիցների կատարողական վարպետությունը շատ բարձր էր. մասնակիցների մոտ 30-40 տոկոսը մի քանի միջազգային մրցույթների դափնեկիրներ էին։
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին այս տարի մասնակցել է 17 երկրի 25 ջութակահար։ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջանքերով և անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է:
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի գլխավոր գործընկերն էր ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը: 11-րդ մրցույթի հովանավորն էր «Յուքոմ» ընկերությունը, որի շնորհիվ մշակութային այս իրադարձությունը հեռարձակվել է առցանց։