Այդ մեքենաները ձեռք են բերվել սեփականատիրոջ շահույթների հաշվին. Հերմինե Նաղդալյան
ОбществоԲիբինը գար ՀՀ օրենսդիր մարմին, որ ի՞նչ աներ… Արդեն քանի օր է, թեժ քննարկման եւ քննադատությունների կիզակետում է հայտնվել ցարական վայելքների սիրահար, ՀԷՑ-ի տնօրեն «մեծն» Բիբինը, ում անպատասխանատու պահվածքի եւ գործելաոճի վերաբերյալ Orer.am-ը զրուցեց ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ.
-Տիկին Նաղդալյան, ինչպիսի՞ գնահատականի եք արժանացնում Բիբինի՝ Ազգային Ժողով չբարեհաճելու հանգամանքը:
-Բիբինը եկել է ֆրակցիաների հանդիպումներին: Իհարկե, լավ ու ճիշտ կլիներ նրա կողմից, որ գար եւ մասնակցեր նաեւ լսումներին, թեկուզ ո'չ նրա մասնակցությունը, եւ ո'չ էլ բացակայությունը լսումների ժամանակ խնդրի քննարկման վրա որեւէ ազդեցություն չթողեցին: Ամեն դեպքում, խորհրդարանի հրավերքը նա պետք է ընդուներ: Բացարձակ անթույլատրելի եմ համարում, որ խորհրդարանի լսումներին չի մասնակցել:
-ՀՀ վարչապետը հայտարարեց, որ էլեկտրաէներգիայի սակագինն, այնուամենայնիվ, բարձրանալու է. այս կոնտեքստում պայքարի դուրս եկած հանրությունը ի՞նչ արդյունքի կհասնի, եւ արդյո՞ք Բիբինը հաշվի կնստի հայ հանրության հետ:
-Այստեղ Բիբինի հաշվի նստելու հարցը չէ: Խնդիրը կայանում է նրանում, որ գոյություն ունեն պրոցեսներ, որոնցում կան եւ՛ օբյեկտիվ, եւ՛ սուբյեկտիվ պատճառներ: Ասեմ, որ օբյեկտիվ պատճառները նույնպես շատ ծանրակշիռ են, եւ դրանց մեջ է մտնում այն, որ տարիներ շարունակ այդ համակարգի վրա ներդրումներ չեն կատարվել: Այդ ներդրումները կբերեին ավելի ժամանակակից եւ նորմալ սպասարկման, զարգացումների, որի արդյունքում էլ կարող է սակագին իջնել: Ֆունդամենտալ ներդրումներ կատարելու անհրաժեշտություն եւս նկատվում է:
-Փաստորեն, նոր ներդրումներ են հարկավոր, որ որոշներն էլ ավելի ցոփ ու շվայտ կյանքո՞վ ապրեն, թվանոց մեքենանե՞ր վարեն, իսկ հայ հանրությունն էլ տքնաջան աշխատելով՝ փակվի այդ գումարնե՞րը:
-Այդ մեքենաները ձեռք են բերվել սեփականատիրոջ շահույթների հաշվին: Նրանք համարում են, որ ճոխությունների հետ կապված անելու հարցադրում չկա: Մեզ համար կարեւոր է, որ բնական մոնոպոլիա հանդիսացող ոլորտում ունենանք նաեւ էական ներդրումներ:
-Իսկ ՀՀ կառավարությունը չունի՞ ստեղծված իրավիճակը` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կանխելու մեխանիզմներ:
-Все, хватит задавать вопросы…
ՀՀ կառավարության անունը լսելուց հետո տիկինն անցավ ռուսերենի ու մտավ աշխատասենյակ…
Սոսե Չանդոյան