Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սաները հանդես եկան կրթօջախի հոբելյանին նվիրված համերգին
КультураԿոմիտասի թանգարան-ինստիտուտում Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի հիմնադրման 85-ամյակի կապակցությամբ կազմակերպվեց տոնական համերգ: Իր երաժշտական ավանդույթներով աչքի ընկած, բազմաթիվ հայտնի և տաղանդավոր շրջանավարտներ, հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիրներներ տված դպրոցի ստեղծման հոբելյանին նվիրված համերգին հ անդես եկան կրթօջախի սաները՝ ներկայացնելով տարբեր ստեղծագործություններ:
Երաժշտական դպրոցի տնօրեն Մարինա Վարդանյանն նշեց, որ հոբելյանի առթիվ վերջին ամիսներին տարբեր մշակութային օջախներում միջոցառումներ են տեղի ունեցել:
«Կոմիտասի թանգարան-ինստիտում ևս որոշեցինք մեր 85-ամյակին նվիրված համերգ կազմակերպել: Մենք չենք հոգնում համերգներով մեր 85-ամյակը տոնելուց»,- ընդգծեց նա:
Մարինա Վարդանյանն Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում որպես տնօրեն աշխատում է չորս տարի, իսկ որպես մանկավարժ՝ 35 տարի: «Դպրոցում 950 աշակերտ է սովորում: Երբ ես ընդունվել էի դպրոց՝ աշխատելու որպես ուսուցիչ, ավելի քիչ երեխաներ էին սովորում: Երեխաներն ընդունվելիս ուզում են դառնալ Առնո Բաբաջանյան, Ղազարոս Սարյան, Էդվարդ Միրզոյան»,- նկատեց դպրոցի տնօրենը:
Պատանի սաքսոֆոնահար Վիգեն Ավագյանը սովորում է երաժշտական դպրոցի վեցերորդ դասարանում, հասցրել է մասնակցել մի շարք մրցույթների:
«Փոքր ժամանակ շատ էի լսում մեղեդիներ, որտեղ հնչում է սաքսոֆոնը, և ընտրեցի այս գործիքը: Միշտ պիտի բարձր պահենք մեր դպրոցի պատիվը»,- համոզված է նա:
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցն իր գոյության 85 տարիների ընթացքում տվել է շուրջ 10 հազար շրջանավարտ, որոնց թվում՝ Խորհրդային միության և ՀՀ ժողովրդական և վաստակավոր արտիստներ, միջազգային և հանրապետական մրցույթների բազմաթիվ դափնեկիրներ, հայ կատարողական արվեստի անվանի դեմքեր:Դպրոցի առաջին շրջանավարտներն էին հայ երաժշտարվեստի ականավոր գործիչներ, աշխարահռչակ կոմպոզիտորներ, հայ ազգային երաժշտությունը աշխարհին ներկայացնող Առնո Բաբաջանյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Էդվարդ Միրզոյանը, Էդգար Հովհաննիսյանը, Ղազարոս Սարյանը, ովքեր հետագայում արժանացան ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը: Դպրոցի շրջանավարտներից են ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ Ռոբերտ Ամիրխանյանը և վաստակավոր արտիստ Զեմֆիրա Բարսեղյանը:
Դպրոցի ավանդույթները փոխանցվում են սերնդեսերունդ: Այսօր դպրոցում սովորում է շուրջ 950 աշակերտ: Դպրոցն ունի հինգ՝ դաշնամուրային, լարային նվագարանների, փողային նվագարանների, ազգային նվագարանների և վոկալ բաժիններ: