Կառավարության հավանությանը կներկայացվի նոր օրինագիծ՝ բացառելու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ անձանց նկատմամբ խտրականությունը
ОбществоՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգում է «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակված և ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշով հիվանդ օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ` բուժման նպատակով մուտք գործելու կարգ սահմանելու դրույթները:
Որպես օրենսդրության փոփոխության անհրաժեշտություն՝ նշվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին առնչվող ՀՀ իրավական ակտերը միջազգային ընդունված սկզբունքներին համապատասխանեցնելու, ինչպես նաև՝ մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակված և ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշով հիվանդ անձանց հանդեպ խտրականությունը բացառող, նրանց իրավունքները պաշտպանող օրենսդրություն ունենալու անհրաժեշտությամբ
Ներկայում օրենքի հիման վրա գործում է 2001թ. ապրիլի 12-ի N 284 Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը, սակայն 2001թ. մինչ օրս ոչ մի օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ չի դիմել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն՝ բուժման նպատակով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու թույլտվություն ստանալու խնդրանքով:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բացառել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ անձանց նկատմամբ խտրականությունը և պաշտպանել նրանց իրավունքները՝ ապահովելով ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածի պահանջը: