Ալյուրը մենք մաղեցինք, փախլավան ուրիշները կերան
АналитикаԿրքերը ՀԷՑ- ի շուրջ թեժանում են: Հունիսի 12-ին Ազգային Ժողովում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ՝ «Էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հիմնավորվածության վերաբերյալ» թեմայով:
Լսումներին հրավիրված «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը նախապես նամակով տեղեկացրել էր, որ չի մասնակցելու լսումներին: Ուստի սակագնի բարձրացման չափի, անհրաժեշտության, հիմնավորվածության, կառավարման հետ կապված բոլորիս հետաքրքրող և հուզող հարցերին անմիջապես կազմակերպության ղեկավարի կողմից պատասխան ստանալ չհաջողվեց: Պատասխաններ և մեկնաբանությոններ արվեցին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի կողմից:
Ինչպես հայնտի է, ՀԷՑ-ը ձեւավորել է իր կողմից գնվող էլեկտրաէներգիայի արժեքը եւ դիմել է հանձնաժողով` սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հայտով՝ 1կվ/ժ-ի համար վերջնական սակագինը 17 դրամով բարձրացնելու առաջարկությամբ: Սակայն ուսումնասիրությունների արդյունքում հանձնաժողովը եկել է եզրակացության եւ որոշել, որ բնակչության համար վերջնական սակագինը պետք է բարձրանա 6,93 դրամով:
Ռ.Նազարյանը մեկ անգամ ևս հիշեցրեց, որ էլեկտրաէներգիայի թանկացման մասին որոշումը պայմանավորված է հիմնականում դոլար-դրամ փոխարժեքի տատանումներով, ատոմակայանի չաշխատելով և սակավաջուր տարի լինելու հետ: Էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունների կորուստների հետևանքով ՀԷՑ-ը լուրջ կորուստներ է կրել, որոնք նույնպես պետք է փոխհատուցվեն, և ներառված են սակագնում:
«Իսկ ՀԷՑ-ի վատ մենեջմենթի արդյունքում առաջացած ծախսերը, ճոխությունները, որոնք տեղ էին գտել հայտում, մենք հանել ենք, և դրանք որևէ կերպ սակագնում ներառված չեն, չեն եղել և չեն էլ լինելու»,- նշել է Ռ.Նազարյանը:
Հայտնի է , որ Էլ. էներգիայի սակագինը բարձրացնելու փաթեթի մեջ ներառված են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցերին» այլ ընկերությունների ունեցած անհուսալի պարտքերը: Այս պահի դրությամբ դա, ընդհանուր առմամբ, կազմում է մոտ 5 միլիարդ դրամ: Որոշ աղբյուրների համաձայն, ՀԷՑ-ի նկատմամբ ամենամեծ անհուսալի պարտք կուտակած ընկերությունը «Նաիրիտն» է:
Միանշանակ է, որ՝ ՀԷՑ-երը կարևոր ռազմավարական և տնտեսական նշանակություն ունեն մեր երկրի համար: Համակարգը ֆիզիկապես և բարոյապես մաշված է և պահանջում է լուրջ ներդրումներ առողջացման և արդիականցման համար: Ի՞նչ լուծումներ կգտնեն իշխանությունները: Ակնհայտ է, որ ռիսկերը պետք է բաշխվեն, և վնասի այն մասը, որը պայմանավորված չէ անարդյունավետ կառավարման հետ կներառվի սակագնի մեջ:
Նման օրինակները պետք է դաս լինեն, որպեսզի ստեղծվեն լրացուցիչ իրավական հիմքեր` պատշաճ պետական վերահսկողություն իրականացնելու համար, որպեսզի խնդիրը բացահայտվի և լուծում ստանա դեռ ակունքում: ՀԷՑ-երի շուրջ առաջացած խնդիրը, ցավոք, եզակին չէ: Նման պատմություն է «Նաիրիտ»-ի հետ: Եթե հաշվի չառնենք, որ գնորդ կազմակերպություններն են տարբեր, հետևանքները գրեթե նույնն են՝ կուտակած պարտքեր, չմարված վարկային գծեր, կաթվածահար համակարգ, չվճարված աշխատավարձեր, որոնց մի մասը, իդեպ, վճարվել է պետբյուջեից, շարքային քաղաքացու հաշվին: Ինչպես ասում են՝ ալյուրը մենք մաղեցինք, փախլավան ուրիշները կերան:
Արտակ Խաչատրյան