Երևանը զբոսաշրջիկներին օգնելու համար նոր քարտեզ է ստեղծել
ОбществоԵրևան այցելող զբոսաշրջիկները քաղաքում հեշտությամբ կողմնորոշվելու հնարավորություն կունենան: Հաշվի առնելով միջազգային փորձն ու ընդունված չափորոշիչները՝ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Երևան 2015 զբոսաշրջային քարտեզը»-ը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ հունիսի 17-ին:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը, ներկայացնելով քարտեզը, նշեց, որ այն անվճար բաժանվելու է զբոսաշրջային ընկերություններին, նաև` հյուրանոցներում և օդանավակայաններում:
«Մեր նպատակն է ունենալ մեկ միասնական զբոսաշրջային քարտեզ, որն օգտակար կլինի զբոսաշրջիկներին՝ կողմնորոշվելու Երևանում: Քարտեզն առայժմ իր մեջ է ներառում Երևանի Կենտրոն վարչական շրջանը, հետագայում նախատեսում ենք մյուս վարչական շրջաններին էլ անդրադառնալ: Քարտեզը երկլեզու է ՝ անգլերեն և հայերեն»,- նշեց Մարիա Բարաղամյանը:
Այն ներկայացնում է Երևանի կենտրոնի զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերը՝ պատմամշակութային հուշարձաններ, թանգարաններ, ցուցասրահներ, եկեղեցիներ, զբոսայգիներ, ինչպես նաև Կենդանաբանական այգին, առողջապահական հաստատությունները, առևտրի կենտրոնները, նաև կենտրոնի հեծանվային կանգառները:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետի խոսքով՝ քարտեզը չի վաճառվելու:
«Այն 20 հազար օրինակով է տպագրվել: Սա առաջին փորձն է աջակցելու զբոսաշրջիկներին, երբ ուսումնասիրում էինք դաշտը, տեսանք, որ ոչ բոլոր ընկերություններն են կարողանում ստեղծել քարտեզ, իսկ զբոսաշրջիկի համար ամենաանհրաժեշտ գործիքը որևէ քաղաքում քարտեզն է»,-հավելեց նա:
Առանձին՝ օգտակար տեղեկատվություն սյունակով ներկայացված են շտապ բուժօգնության, ոստիկանության և այլ ծառայությունների հեռախոսահամարները, կայքեր: Այստեղ նշված է նաև Երևանի քաղաքապետարանի թեժ գծի և տուրիզմի բաժնի հետ կապի հեռախոսահամարները:
Մայրաքաղաքի կենտրոնում տեղաշարժվելուն օգնող քարտեզում նշված են նաև Երևանի մետրոպոլիտենի կայարանները: Երևանի պատմությանը ծանոթանալու, տեսարժան վայրերը կարճ ժամանակում տեսնելու և քաղաքի ռիթմը զգալու համար զբոսաշրջիկներին, որպես խորհրդատվություն, առանձին առաջարկվում է նաև այցելության 12 վայր՝ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան, Երևանի քաղաքի պատմության թանգարան, Մատենադարան, «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային երթուղին, զբոսանք Կասկադում և Հյուսիսային պողոտայում: Քարտեզում առկա է նաև մշակութային որոշ հաստատությունների ա շխատանքային ժամերի և մուտքի պայմանների հետ կապված տեղեկատվություն: Հետագայում նախատեսվում է քարտեզում ընդգրկել նաև մյուս վարչական շրջանները: