Կառավարությունը խրախուսում է ներդրումները Դիլիջանում
ОбществоՀՀ կառավարությունը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում ներդրումները խրախուսելու քայլեր է ձեռնարկում: Կսահմանվեն հարկային եւ մաքսային արտոնություններ այն ներդրողների համար, որոնց կողմից տարածքների, դրանց առանձին ոլորտների կամ բնագավառների զարգացման կամ օբյեկտների կառուցապատման եւ շահագործման առանձնահատուկ ծրագրերը հավանության են արժանացել ՀՀ կառավարության կողմից:
Ազգային ժողովը քննարկում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացման եւ ներդրումների խրախուսման մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ներկայացնելով նախագիծը, ընդգծեց, որ օրենքը կարգավորում է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացման եւ ներդրումային ծրագրերի խրախուսման ու իրականացման նպատակով ներդրումային ծրագրերի հաստատման եւ իրականացման կարգը, քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, քննարկման եւ հաստատման, քաղաքաշինական գործունեության իրականացման առանձնահատկությունները, տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները` հիմնված հանրային մասնավոր համագործակցության սկզբունքի վրա:
«Օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Դիլիջան քաղաքը եւ հարակից տարածքները որպես կրթական, պատմամշակութային, տուրիստական կենտրոնի ձեւավորման, քաղաքի եւ հարակից տարածքների ենթակառուցվածքների զարգացման կարեւորությունից: Նախագիծը բխում է նաեւ Դիլիջան քաղաքի գլխավոր հատակագծի, գոտիավորման, քաղաքաշինական եւ կառուցապատման ծրագրերի միասնականության ապահովման, բարենպաստ ներդրումային միջավայրի ձեւավորման եւ սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման անհրաժեշտությունից»,- ասաց Տերտերյանը:
Նա հստակեցրեց, որ օրենքով նախատեսվում է ստեղծել մեխանիզմ, ինչը կխրախուսի երկարաժամկետ եւ համակարգային ներդրումների ներգրավմանը: Նրա խոսքով՝ ներդրումային միջավայրի բարելավման շրջանակներում՝ օրենքով սահմանվում են հարկային եւ մաքսային արտոնություններ այն ներդրողների համար, որոնց կողմից տարածքների, դրանց առանձին ոլորտների կամ բնագավառների զարգացման կամ օբյեկտների կառուցապատման եւ շահագործման առանձնահատուկ ծրագրերը հավանության են արժանացել ՀՀ կառավարության կողմից: «Օրենքով նախատեսվում են ծրագրերին ներկայացվող նվազագույ ն պահանջները, որոնք կարող են ներկայացվել ՀՀ կառավարության քննարկման, մասնավորապես, ծրագիրը պետք է մշակված լինի օրենքով սահմանված նվազագույն չափանիշների շրջանակներում»,- ասաց փոխնախարարը:
Օրենքով նախատեսվում են Դիլիջան քաղաքում եւ հարակից տարածքներում գործունեության այնպիսի տեսակների արգելում, որոնք բացասական ազդեցություն են ունենում շրջակա միջավայրի վրա: Դրանք են՝ հանքագործական արդյունաբերություն, Էլեկտրաէներգիայի արտադրություն (բացառությամբ արեւային, հողմային, երկրաջերմային եւ կենսազանգվածի էներգիայի), Քիմիական եւ բնության համար բացասական ազդեցություն ունեցող եւ այլ գործունեության տեսակներ: