Ադրբեջանի հանրությունը մեծ հաճույքով ուտում է սեփական քարոզչամեքենայի «կուտը». Անժելա Էլիբեգովա
ОбществоԵվրոպական օլիմպիական խաղերին չարժեր մասնակցել, որովհետև չպետք էր ադրբեջանական կողմի շահարկումներին տեղիք տալ: «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հարավային Կովկասին հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան՝ անդրադառնալով Բաքվում ընթացող Եվրոպական օլիմպիական խաղերին հայկական պատվիրակության մասնակցությանը: Ադրբեջանի քայլը՝ ստանձնել բոլոր հիսուն երկրների պատվիրակությունների մասնակցության ծախսերը, բանախոսը փիառ է որակում: «Բնականաբար, Ադրբեջանը դա արել է իր փիարի համար և ցանկացել է ցույց տալ, թե ինչպես է հոգում բոլորի մասին: Հայկական կողմը, բնական է, հրաժարվել է իր ծախսերն ադրբեջանցիների «ուսերին թողնել», բայց այդ ինֆորմացիան տեղ չի գտել միջազգային մամուլում: Այսինքն՝ մինչև օրս միջազգային հանրությունը կարծում է, որ հայերն Ադրբեջանի հաշվին են Բաքվում: Կարծում եմ դա այդքան էլ լավ չէ»,-ասել է նա:
Փորձագետը չի կարծում, որ Բաքվում ընթացող այս խաղերն առիթ էին, որպեսզի միջազգային մամուլը հիշեր Ադրբեջանում մարդու իրավունքների ցցուն ոտնահարումների մասին: Նրա պնդմամբ՝ միջազգային մամուլը գոնե ամիսը մեկ անդրադառնում է այդ իրողությանը: «Ադրբեջանի մասին անընդհատ հնչում են քննադական լուրջ զեկույցներ կամ հայտարարություններ, յուրաքանչյուր անգամ, երբ ձերբակալվում է ադրբեջանցի հերթական իրավապաշտպանը, հայտարարությունների տեղատարափ է սկսվում, բայց բացարձակապես անօգուտ: Ինչքանո՞վ են այդ կառույցների հայտարարություններն ազդում Ադրբեջանի կառավարության վրա»,-հարցադրում է անում բանախոսը եւ շտապում հավելել՝ «զրո ազդեցություն»:
Էլիբեգովայի խոսքով՝միանգամայն ակնհայտ է, որ բավական սրված են Ալիևի ու Արևմուտքի հարաբերությունները, ինչն արդեն չի թաքցվում: «Սա նորություն չէ, անգամ պաշտոնական մակարդակով են բավական սուր հայտարարություններ հնչում»,-ասել է նա: Արևմուտքը փորձում է օգտագործել ցանկացած առիթ՝ Ադրբեջանի դեմ քարոզչամեքենան աշխատացնելու համար: Այնուհանդերձ, ըստ բանախոսի, այդ հարցում Ադրբեջանի հասարակությունն Արեւմուտքին ընկեր չէ, քանի որ «Ադրբեջանի հանրությունն ավելի հաճույքով ուտում է սեփական քարոզչամեքենայի «կուտը»»: «Ադրբեջանի հասարակությանն ամենաբարձր մակարդակով ասվում է, որ իրենց չեն սիրում, որովհետեւ նախանձում են, նրանք էլ այդ «կուտը»» շատ լավ ուտում են: Այսինքն, եթե Արևմուտքն այդ ճանապարհն է ընտրել Ադրբեջանի հասարակության հետ աշխատելու համար, ապա ասեմ, որ միանգամայն սխալ ճանապարհ է»,- վստահեցրել է փորձագետը:
Ադրբեջանական մամուլը նեղված է հայկական մամուլից, որը «հեղեղված է Եվրոպական խաղերի վերաբերյալ միջազգային մամուլի բացասական արձագանքների արտատպումներով և վերլուծական նյութերով»: Էլիբեգովան ընդգծում է, որ ադրբեջանցիներն առանձնահատուկ կերպով նեղվել էին, երբ հայկական մամուլը տարածել էր Ավստրիայի սինխրոն լողի հավաքականի աղջիկների վրաերթի տեսանյութը: «Ադրբեջանն այսօր սոցցանցերում և մամուլում ունի «տրոլների բանակ», որը, ըստ իս, ավելի շատ խանգարում է, քան օգնում Ադրբեջանի իմիջի բարելավմանը: Օրինակ, փոխանակ ցավակցելու, այդ վրաերթի տեսանյութի տակ ադրբեջանցիները սկսեցին գրել՝ «դե ոչինչ, սարսափելի բան տեղի չի ունեցել»: Այնինչ, աղջիկներից մեկը կոմայի մեջ է, նրանք տասնհինգ տարեկան երեխաներ են, որոնց կարիերան վերջացավ, որովհետև մի ինչ- որ ադրբեջանցի վարորդ, ոչ սթափ վիճակում, նրանց վթաերթի է ենթարկել: Ամենասարսափելին այն է, որ պաշտոնական մակարդակով չհնչեց ոչ մի ցավակցական խոսք»,- ընդգծել է Անժելա Էլիբեգովան: