«Անուշ» օպերան կշրջի Հայաստանի և Արցախի հեռավոր համայնքներով
КультураՍպենդյարանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը նախաձեռնել է նոր մեծածավալ նախագիծ, որի շրջանակներում Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի գրական-թատերական կոմպոզիցիան ներկայացվելու է հանրապետության մարզերում և Արցախում: Այս մասին հունիսի 17-ին լրագրողներին տեղեկացրեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը:
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը նշեց, որ «Անուշ» օպերայի ներկայացումը մարզերում իրականանալի դարձնելու նպատակով այն կրճատվեց, և 200-ից ավելի մասնակիցների փոխարեն մոտ 60 հոգանոց կազմով հունիսի սկզբից ստեղծագործական խումբն այցելեց Ջերմուկ քաղաք, Արարատի մարզի Տափերական գյուղ և Արցախի Մարտունի քաղաք:
«Հաշվի առնելով դահլիճների տեխնիկական հագեցվածության խնդիրները` մենք մեզ հետ տարել էինք անհրաժեշտ ողջ սարքավորումները: Այս ակցիան բարեգործական է և ամբողջ ծանրաբեռնվածությունը թատրոնը վերցնում է իր վրա, և ընդունող թատրոններից չենք ուզում որևիցե բան վերցնել՝ հաշվի առնելով վերջինների ֆինանսական խնդիրները», - ասաց թատրոնի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը:
Մաեստրոն նշեց, որ «Անուշ» օպերան ներկայացվեց գրական-թատերական կոմպոզիցիայի տեսքով, որտեղ վերցված են օպերայի ամենագեղեցիկ և սիրված երաժշտական հատվածները՝ համեմելով դրանք ասմունքով, Թումանյանի խոսքով: Կարեն Դուրգարյանը նշեց նաև, որ ժողովրդի կողմից սիրված օպերայի ամբողջ ներկայացումը հնարավոր չէ իրականացնել Երևանից, Գյումրիից, Կապանից և Վանաձորից դուրս՝ հաշվի առնելով թատրոնների հնարավորությունները:
Երկու տարվա տևողությամբ նախագիծը պետք է շրջի Հայաստանի և Արցախի հեռավոր գյուղերով և քաղաքներով: Այն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության և Օպերային թատրոնի աջակցման հիմնադրամի ֆինանսավորմամբ, գլխավոր գործընկերն է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը: Նախաձեռնության հիմնական նպատակն է հանրահռչակել օպերային արվեստը՝ բարձրարժեք մշակույթի լավագույն ստեղծագործությունները ներկայացնելով հանրապետության մարզերի և Արցախի հանդիսատեսին: